ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորցնում ենք նոր սերնդի մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղղությունը

Մեկ քննությամբ բուհ ընդունվելու՝ կորոնավիրուսային հանգամանքներով պայմանավորված կարգը տնտեսագետ, Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիտարկում է և դրական, և բացասական կողմերից․ «Առավելությունն այն է, որ դիմորդը կարող է երեքի  փոխարեն շատ  լավ պատրաստվել  մեկ քննության, ինչը պահանջված մասնագիտությունների մասով բերում է ավելի մեծ մրցույթի»,- ասում է նա։ Որպես թերություն նշում է հանգամանքը, որ  մեկ առարկա պարապելով դիմորդը կարող է դիմել միայն  տվյալ առարկայով կողմնորոշվող մասնագիտուոթյունների համար, այսինքն,  լավ պարապելով հայոց լեզու չի կարող ընտրել այն մասնագիտությունը, որի պարագայում պարտադիր է մաթեմատիկայի քննությունը։

 «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը միաժամանակ փաստում է, որ ժամանակի ընթացքում  ընդունելության քննությունները մեր երկրում կորցրել են իրենց դերը, և, օրինակ,  ոչ մրցակցային մասանգիտությունների դեպքում բարձրագույն ուսումնական հաստատություններ հնարավոր է ընդունվել անգամ շատ ցածր բալերով։ «Դա ընդամենը ապահովում է դիմորդի մուտքը բուհ, բայց ոչինչ չի ասում որակի մասին»,- նշում է տնտեսագետը։

Փաստելով, որ այսօր Հայաստանում բազմաթիվ  են դիպլոմավորված վարսահարդարներն  ու տաքսիստները՝  տնտեսագետը կարևոր է համարում ճիշտ շեշտադրումների անհրաժեշտությունը․ պետք է կարևորել ոչ թե բուհ ընդունվողների մեծ թիվը, այլ  որակն ու աշխատաշուկային համապատասխանությունը։ 

«Նույն տնտեսագիտության մասով,  ԵԱՏՄ շուկայի բուհերը հետ են մնում համաշխարհային շուկայի պահանջներից, քանի որ ուսումնական ծրագրերը չեն թարմացվում նույն արագությամբ, ինչ արագությամբ աշխարհում փոխվում են միտումները»,- նշում է նա։

Անդրադառնալով այսօր պահանջարկ ունեցող  մասնագիտություններին՝ Կարեն Ավագյանը փաստում է, որ նոր սերունդը կարևորում է այն մասնագիտությունները, որոնց մասին շատ է խոսվում, և որոնք շատ են գովազդվում՝ իրավաբան, տնտեսագետ, հոգեբան, վերջին տարիներին՝ նաև տեղեկատվական ոլորտի մասնագիտություններ։ «Սխալ շեշտադրումներ անելով մենք կորցնում ենք սերնդի մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղղությունը։ Առանցքային մասնագիտությունները հետ են մղվում օրվա տեղեկատվական հորձանուտում  կարևորվող մոդայիկ մասնագիտությունների պատճառով։ Ոչ մոդայիկ, բայց երկրի համար կարևոր  մասնագիտությունները կարող են վաղը-մյուս օրը բուհական համակարգում այլևս տեղ չգտնել»,- ասում է։ 

Back to top button