ԿարևորՀասարակություն

Թմրանյութի մեկ անգամվա օգտագործումն անգամ կարող է ճակատագրական դառնալ

Ավելի շատ գիտելիք, ավելի լավ խնամք․  1987 թվականին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից  հռչակված  թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ  միջազգային օրն այսօր անցկացվում է հենց այս կարգախոսի ներքո։ Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը շուրջ 270 միլիոն է, նրանցից 30 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։ Ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում, ինչպիսի՞ն է վիճակագրությունն ու այս չարիքի դեմ տարվող պայքարի  արդյունավետությունը։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ`Հայաստանում թմրամիջոցներ  օգտագործող հաշվառված անձանց թիվը 7209 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  այդ ցուցանիշը կազմել է շուրջ 6900 մարդ։ Առողջապահության նախարարության  «Կախվածությունների բուժման  ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի  խոսքով՝ աճի դինամիկան մեծ չէ։ Տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատության մեջ ևս վիճակագրական պատկերը Հայաստանում այնքան էլ սարսափելի չէ։

«Ավանդաբար Հայաստանի ազգաբնակչությունը չի չարաշահել  թմրամիջոցները, եթե համեմատենք մեր ամենամոտ հարևանների հետ։ Նախկին ԽՍՀՄ երկրների մեջ Հայաստանում իրավիճակը միշտ էլ եղել է շատ ավելի վերահսկելի»,- ասաց Նանինյանը։

Հայաստանում հաշվառված անձանց շուրջ 60 տոկոսը  28-50 տարեկան են՝ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ   ավելի հասուն  տարիքում են սկսում օգտագործել թմրամիջոցներ։ Սոցիալական կարգավիճակով պայմանավորված՝ թմրամիջոցները մեր երկրում  ավելի անհասանելի են հատկապես դեռահասներին։ Մինչև 18 տարեկան հաշվառված անձանց թիվն այս պահին  16-ն է։

Մեր երկրում փոքր է նաև թմրամիջոցներ օգտագործող կանանց թիվը։  2020-ի հունվարի մեկի դրությամբ՝ հաշվառված կանանց թիվը 132 է։ Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ թմրամիջոցների հանդեպ հակում են ցուցաբերում հոգեբանորեն ավելի թույլ մարդիկ, բայց, ընդհանուր առմամբ, նման հակումներ կարող են դրսևորել  տարբեր խառնվածքի տեր մարդիկ։

«Ցանկացած մարդկային տիպ կարող է հակում  դրսևորել  թմրանյութերի նկատմամբ։ Այստեղ ավելի շատ նշանակություն ունի ժառանգականությունը, ծնողների հակումը, միջավայրի ազդեցությունը։ Հատկապես տղաները ձգտում են դրսևորել առնականություն, ինչը նման կախվածություններ է ի հայտ բերում»,- նշեց Խուդոյանը։

Հոգեբանի բնորոշմամբ՝ ինչպես ալկոհոլի, այնպես էլ  թմրանյութերի հանդեպ  հակվածությունը  բնորոշ  է այն մարդկանց, որոնք չեն ցանկանում ընդունել իրականությունը  և երևակայությամբ են փորձում բավարարել իրենց պահանջմունքները։ Ըստ Խուդոյանի՝ տարիքի հետ կախվածությունն աստիճանաբար թուլանում է, հաճախ ցնցող իրադարձություններն են ստիպում հրաժարվել  կախվածությունից, իսկ ավելի հաճախ՝ մահվան վախը։

«Հիվանդությունն է հատկապես մեծ դեր խաղում։ Թմրանյութ օգտագործողը, որն իմանում է հեպատիտ c ունի կամ լյարդի ցերոզ, նույն օրը թողնում է։ Լավ է, վատ է, բայց հաճախ մարդիկ աղանդավորական շարժումների մեջ են փրկություն գտնում, իհարկե այստեղ մի կախվածությունը փոխարինվում է մեկ ուրիշ կախվածությամբ»,- ասաց հոգեբանը։

Ավելի բարդ դեպքերում դիմում  են մասնագետների օգնությանը։ «Չափազանց դժվար բուժելի կախվածություն է, բայց փորձը ցույց է տալիս, որ՝ եթե մարդն իսկապես ուզում  է, հաղթահարել կարողանում է»,-ասում է հոգեբանը։ «Կախվածությունների բուժման  ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու  Սուրեն Նազինյանը ևս կարծում է, որ բուժման հարցում չափազանց կարևոր է անձի որոշումը․

«Իրականում շատ բան կախված է կոնկրետ անձից, այն բանից, թե նա որքանով  ունի մոտիվացիա թմրամիջոցներից զերծ ապրելու համար։ Երկրորդ կարևոր գործոնը օրգանիզմի վիճակն է, այսինքն՝ որքան ժամանակ  է նա չարաշահել, կախվածության համախտանիշը ինչ ծանրության է»,- ասաց Նազինյանը։

Թեթև դեպքերի հիմնական մասն, ըստ Նազինյանի, բուժումից հետո չի վերադառնում թմրամիջոցների օգտագործմանը, ծանր դեպքերում՝ դրական ելքը հաճախ չի պատահում։ Դա գերմարդկային ճիգեր է պահանջում՝ ասում է մասնագետը։ Ուստի առաջարկում է՝ դիմել  ոչ թե հեքիմներին, այլ մասնագետներին՝ համապատասխան  բուժօգնություն ստանալու համար, կախվածության առաջին իսկ նշանների դեպքում։

 «Առաջինը դա այն է, երբ մարդու մոտ կրկին փորձելու ցանկություն է առաջանում, նաև ձեռքերի դողն է, մարմնական ցավերն են կամ անքնությունը»,- նշեց Նազինյանը։

Հատկապես դեռահասներին մասնագետները հորդորում են զերծ մնալ  թմրամիջոցներից, քանի որ մեկ անգամվա օգտագործումն անգամ կարող է ճակատագրական դառնալ։

Back to top button