ԿարևորՀասարակություն

Նոր նամականիշ` նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

Հունիսի 24-ին լրացավ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Ինչպես Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն է գրում, այսօր էլ միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։

Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։

Անցյալում ևս Վատիկանը թողարկել է նամականիշերի շարք, որտեղ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։

Ցուցադրել ավելի
Back to top button