ԿարևորՏնտեսական

Գեղարքունիքի մարզի հերթական սպանդանոցը բացվել է Գավառ քաղաքում

Գավառում տեղի է ունեցել «Բայազետ Ագրո» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

«Բայազետ Ագրո» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Մակարյանը ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայացրել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը, գործունեության հնարավորություններն ու հեռանկարները:

«Սպանդանոցը հիմնականում պատրաստ է շահագործման: Այն կգործի օրական 40 խոշոր եւ 80 մանր եղջերավորների մորթի համար: Կբացվի 10 մշտական աշխատատեղ: Մենք ունենք թե՛ անասուններ տեղափոխող, թե սառնարանային մեքենաներ: Գնագոյացումը լինելու է տրամաբանված, մեր կազմակերպությունը գերշահույթ չի հետապնդելու: Մտածել ենք նաեւ ներքին օրգանների վերամշակման համար ենթակառույցներ ստեղծելու մասին:Մենք արտադրողին եւ շուկային կառաջարկենք այնպիսի պայմաններ, որ դրանք ձեռնտու լինեն բոլոր կողմերին:Հուսով եմ, որ մեր եւ մյուս կողմերի սպասելիքները կարդարանան»,-նշել է Մկրտիչ Մակարյանը:

Շրջայցից հետո իր տպավորությունն է հայտնել ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Բավականին լավ աշխատանք է կատարված: Չնայած նկատված մանր թերություններին՝ սպանդանոցն արդեն պատրաստ է՝ մորթ իրականացնելու: Համոզված ենք, որ հուլիսի 1-ից արդեն մեզանում հուսալիորեն կգործի արտադրող-մորթ իրականցնող-սպառող շղթան, ու բնակչությանը կմատակարարվի միանգամայն անվտանգ մսամքերք: Փորձը ցույց տվեց, որ սպանդանոցային մորթի անցնելու քաղաքականության շուրջ աղմուկ էին բարձրացնում նրանք, ովքեր քաղաքացիներին հրամցնում էին սատկած միս, տավարի մսի փոխարեն՝ ձիու կամ էշի միս, կարողանում էին ճարպկորեն թաքնվել օրենքից: Սպանդանոցային մորթի անցնելու դեպքում բացառվելու են նման դեպքերը: Այսօրվա դրությամբ մենք Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք շուրջ 40 գործող սպանդանոց: Մինչեւ տարեվերջ դրանց թիվը կկրկնապատկվի, ինչը ոլորտում կառաջացնի լուրջ ու առողջ մրցակցություն՝ նպաստելով մսամթերքի անվտանգության բարձրացմանն ու ապահովմանը »,-ներկայացրել է Գերոգի Ավետիսյանը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հավաստմամբ՝ այժմ Գեղարքունիքում եւս 2 սպանդանոց են գործում Սեւանում , իսկ առաջիկայում հերթական սպանդանոցը կբացվի Ճամբարակում: Իսկ այս տարվա ընթացքում սպանդանոցներ կգործարկվեն նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջաններում:

«Այժմ սպանդանոցների շինարարության ու վերազինման աշխատանքներ են ընթանում Լիճքում, Վաղաշենում, Վարդենիսում: Աշխատանքները ավարտի հասցված կլինեին, եթե չխանգարեր համավարակի վտանգը: Սակայն մինչեւ տարեվերջ, դրանք շահագործվելու են»,-ասել է Արշակ Էլիզբարյանը:

Գեղարքունիքի մարզի հերթական սպանդանոցը բացվեց Գավառ քաղաքում Հունիսի 25-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Բայազետ…

Gepostet von ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան am Donnerstag, 25. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close