ԿարևորՏնտեսական

Ներկրվել են հացահատիկահավաք կոմբայններ

Արցախում մեկնարկած հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին զուգահեռ՝ թարմացվում է գյուղատնտեսական տեխնիկայի պարկը, տեղեկացնում են ԱՀ   գյուղատնտեսության  նախարարությունից: Հանրապետություն են ներկրվել բելոռուսական արտադրության «КЗС-1218A-1» կոմբայններ:

ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի տեսչության պետ Անանիա Սողոմոնյանն այցելել են Մարտակերտի շրջանի հացահատիկայինների ցանքատարածքներ, որտեղ ներկրված նոր կոմբայնների  միջոցով իրականացվում էր բերքահավաքի աշխատանքները: 

Անանիա Սողոմոնյանի   խոսքով՝   «КЗС-1218A-1» հացահատիկահավաք կոմբայնը հանդիսանում է «КЗС-1218» ավելի բարձր տեխնիկական և դիզայնի մակարդակում գտնվող կոմբայնի մոդիֆիկացիան, որը համապատասխանում է իր դասի մեջ համաշխարհային արտադրողների լավագույն անալոգներին: Բարձր արտադրողականությունը ձեռք է բերվում 330 ձիաուժ շարժիչով:

«Շատերը նախընտրում են գերմանական կոմբայնները, բայց և քիչ չեն նաև նրանք, ովքեր ավելի նպատակահարմար են համարում բելոռուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործումը, հաշվի առնելով, որ իրենք երկար տարիներ աշխատել են հենց այդպիսի տեխնիկայով, այն ավելի հարազատ է իրենց, քանի որ մեր տրակտորիստներն ու ինժեներները հարմարվել են այդ տեխնիկային, և դրանց խափանումների վերացումն ավելի հեշտ ու արագ է կազմակերպվում: Եվ որ պակաս կարևոր չէ՝ պահեստամասերի ձեռքբերումն ավելի դյուրին է: Դրա հետ մեկտեղ՝ նոր մոդելային շարքում ընդգրված են համաշխարհային առաջատար արտադրողների նորամուծություններից բոլոր առավելությունները»,-մասնավորապես  ասել  է    Ա. Սողոմոնյանը: 

ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանձնարարությամբ, հաշվի առնելով հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի շարունակական թարմացման անհրաժեշտությունը, այսուհետ լիզինգով դրանք ձեռք բերել ցանկացողների համար ԱՀ գյուղի  և գյուղատնտեսության   աջակցության հիմնադրամի կողմից կսուբսիդավորվի տեխնիկայի գնի 30 %-ը՝ նախկինում գործող  10 % -ի փոխարեն:

Back to top button