ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակառուն այլևս պարտավոր չէ տարեկան մեկ անգամ այցելել բանկ

Հունիսի 25-ին ուժի մեջ է մտնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում մարտին կատարված փոփոխությունը: Այն հանում է  կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան  մեկ անգամ բանկ այցելելու պարտադրանքը։

Փոփոխություններին առնչվող այլ մանրամասներ «Ռադիոլուրին» ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում դեռ մարտին կատարված փոփոխություններն  արդեն ուժի մեջ են։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի՝ փոփոխությունները նախատեսում են․

«Բազմաթիվ խնդիրներ են առաջանում կապված այն դեպքերի հետ, երբ կենսաթոշակառուն օբյեկտիվորեն չի կարողանում այցելել բանկ։ Մի դեպքում հիվանդ է, մյուս դեպքում՝ տարիքով է, դժվարությամբ է տեղաշարժվում։ Դրա համար օրենքով նախատեսում ենք, որպեսզի կառավարությունը սահմանի այլ միջոցներ, որոնցով կենսաթոշակառուն կկարողանա  հավաստել իր՝ ՀՀ-ում գտնվելը»,- նշում է վարչության պետը։

Ենթադրվում է, որ կկիրառվեն որոշ տեխնիկական միջոցներ, որոնց շուրջ բանկերի հետ քննարկումները դեռ շարունակվում են ։ Գործող օրենքով՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:  Կատարված փոփոխություններով կենսաթոշակառուն ազատվում է ավելորդ քաշքշուկից։ Անահիտ Գալստյանի տեղեկացմամբ՝ վերոնշյալ  փոփոխություններով նախատեսում են անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի։

«Եթե այսօր կենսաթոշակառուն ընտրում է՝ ուզում է թոշակը կանխի՞կ ստանալ, թե՞ անկանխիկ, ապա որոշ  ժամանակ հետո նա ընտրելու է բանկը։ Այսինքն՝ կանխիկ վճարումը, որպես այդպիսին, աշխատում ենք բացառել»,- ասում է Անահիտ Գալստյանը։

Բացառությունները կգործեն միայն այն խմբերի համար, որոնք անկանխիկ եղանակով գումարը ստանալու հետ կապված խնդիրներ ունեն։ Նրանց թվում  յոթանասունն անց կենսաթոշակառուներն են, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները։ Կանխիկ եղանակով կվճարվի նաև լիազորագրի առկայության դեպքում։

«Գործընթացը կսկսվի 2021 թվականի հունվարի մեկից, կկիրառվի Երևան, Գյումրի, Վանաձոր  քաղաքներում, ապա հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում»,- ասում է Գալստյանը։

Վերջին փուլում համակարգը կներդրվի մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում։ Դա նախատեսվում է իրականացնել 2024 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close