ԿարևորՀասարակություն

75 տարի առաջ՝ ինչպես երեկ․99-ամյա Միսակ պապի հիշողությունները Մեծ Հայրենականից

Արմավիրի մարզի Արաքս գյուղում է ապրում 99-ամյա Միսակ Վարդանյանը: Նա Մեծ Հայրենականի վետերաններից է: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, վիրավորվել ու 1943թ-ին զորացրվել: Պատերազմի տարիների  հիշողությունները երբեք չեն խամրում, պատմում է՝ առանց շփոթելու  իրադարձությունները: Համավարակի վտանգը նրան հետ է պահում շփումներից, զորահանդեսին ու բոլոր  իրադարձություններին հետևում է  հեռուստացույցով:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ի ամյակին նվիրված  մոսկովյան զորահանդեսին  Միսակ պապն այսօր  հետևում է հեռուստացույցով, գիտի, որ Կարմիր հրապարակում  զորահանդեսին մասնակցում է 75 զինվորից կազմված հայկական շարասյունը: Միսակ Վարդանյանը, չնայած պատկառելի տարիքին, ցանկացել էր ներկա գտնվել  մոսկովյան զորահանդեսին, առողջությունը ներում է. «Ես մեծ հույս ունեի, կարող էի գնալ, բոլոր դեպքերում՝ ցանկություն ունեի»:

Թոռան հոգատարության ներքո ապրող  պապիկը, որը  6 ամսից նշելու է 100-ամյակը,  ցանկացած պահի, զինվորի ճշտապահությամբ,  կարող է կրել մեդալներով զարդարված պիջակը և ներկայանալ,  ինչպես հարկն է:  Միսակ Վարդանյանը Հայրենական պատերազմ էր մեկնել 20 տարեկանում: Հայրենի Խնձորուտում հիմնական կրթություն ստանալուց հետո   դերասանության վարպետություն էր  սովորել Նախիջևանի հայկական թատրոնում: Միսակ պապը թարմացնում է հիշողությունը, 79 տարի հետ գնալով, պատմում է.

«1941թ հունիսի 21-ի գիշերը, երբ սկսվեց պատերազմը, մենք Մեղրի քաղաքի Շվանիձոր գյուղում էինք, մեր թատերական խումբը վերադարձավ Նախիջևան, հետո խումբը փակվեց ու եկանք տուն, որից հետո անմիջապես զինվորագրվեցինք պատերազմին: Ինձ տեղափոխեցին Երևան, սովորեցի գնդի դպրոցում, ստացա «ստարշի սերժանտի» կոչում, հետո մեկնեցինք ֆրոնտ, դասակի հրամանատարի տեղակալ էի»:

Լսելով պապի պատմությունը պատերազմական տարիների մասին՝ հաճելիորեն զարմացել էի․ չէր շփոթում աշխարհագրական տեղանունները, իրադարձությունների ժամանակաշրջանն ու հերթականությունը: Պատմում է այնպես, կարծես մի քանի տարի առաջ էր տեղի ունեցել:  

Շարունակել է մասնակցել  Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, եթե պարտվեին, կկորցնեին Հայաստանը: Գիտակցաբար էլ գրոհել են, պաշտպանվել, բայց նահանջի տեղ չեն ունեցել: 1943 թվականին  վիրավորվել էր, վիրավորվել էր նաև իր  հրամանատարը՝ Դոնոս Կոստանյանը.

«Երբ 1943թ հունվարի 1-ին ստացանք հրամանը՝ հարձակում, ոչ մի նահանջ, անցանք հարձակման: Պատերազմի ժամանակ ռումբը պայթեց  մեր առջև, հրամանատարիս ոտքը սրունքից կտրեց, կախվեց: Ես ոտքը վիրակապեցի, որ արնաքամ չլինի:  Իմ վերքերը նրա համեմատության թեթև էին: Մինչև մայիսի 12-ը մնացել եմ հիվանդանոցում, հետո ինձ ճանաչեցին պատերազմի համար ոչ պիտանի»:

Պատերազմից հետո  բախտ էր վիճակվել հանդիպել հրամանատարին, կրկին ընկերություն անել:  Պատերազմի բովով անցած մարդը բարձր է գնահատում հաղթանակի արժեքը,  ռազմաճակատից լուրերն իրենց էր հասել  ռադիոյի  միջոցով: Ռադիոյով էլ լսել էին մեծ հաղթանակի ու պատերազմի ավարտի մասին: 1945թ-ին Միսակ Վարդանյանն    արդեն տեղափոխվել ու հիմնավորվել էր Հոկտեմբերյանի շրջանի Արաքս գյուղում, այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը:

«Դաշտում էինք, երբ լուրը ստացանք: Ռադիոն հայտարարեց, որ պատերազմն ավարտվել է: Մեր դիրեկտորն ինձ ուղարկեց 6-րդ սովխոզ գինի բերելու, ուրախությունից խմել էինք ու արբել»:

Արաքս գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների  հուշարձան չկա: Միսակ պապը Մեծ հայրենականի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցում՝ հասնելով Արմավիր:  Հաղթանակի օրը  նա սպասված հյուր է Արաքսի միջնակարգ դպրոցում, բայց այս տարի կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակ էին, 99-ամյա վետերանը նույնպես զգուշանում է համավարակից, մնում է տանն ու հեռուստացույցով հետևում իրադարձություններին:

Back to top button