ԿարևորՎերլուծական

Ցեղասպանության դատապարտումը՝ սթափեցնող

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի  4 3-րդ նստաշրջանում Հայաստանի առաջադրած և կոնսենսուսով ընդունված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը որակապես նոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ամրապնդելու ուղղությամբ,  համոզված են Հայաստանի արտգործնախարարությունում։

Փորձագետների  մի մասը  ցեղասպանությունը դատապարտող այս փաստաթուղթը էական նշանակության է համարում, մյուսներն  ավելի  հոռետես են։

Ցեղասպանությունը դատապարտող ցանկացած բանաձեւ եւս մեկ անգամ միջազգային հանրությանը սթափեցնում և հիշեցնում է,  որ այդ չարիքը գոյության իրավունք չունի։ Հերթական զգոնացնող ազդակը եկավ ՄԱԿ–ից։ Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևին հավանություն է տվել  58 երկիր։

Այս փաստը հատուկ ընդգծում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը.

«Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարեւորությունը, որ հատկացնում է միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելմանը։ Բանաձեւը կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, որոնք կարող են բերել ցեղասպանության»։

Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների:

Բանաձևի թարմացված տեքստում  մի շարք նոր դրույթներ կան։ Ընդգծվում է, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: 

Շեշտվում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում քաղաքացիական հասարակության դերը։ Հատուկ ընդգծվում  է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման, հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանության կարևորությունը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարևորում է ՄԱԿ–ում նման  բանաձեւի ընդունումը։

«Մեզ համար կարեւոր է բարոյական տեսանկյունից։ Ճանաչումն ու դատապարտումը կանխարգելիչ կարեւոր նշանակություն ունեն»,- նշում է Իսպիրյանը։

Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւը պարտադիր ուժ չունի, պարտադիր ուժ ունի ՄԱԿ–ի  կողմից 1948 թվականին վավերացված Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան, որը, ցավոք, շատ դեպքերում չի պահպանվում՝ կարծիքը հստակեցնում է Կանադայում ՀՀ  նախկին դեսպան,  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը․

«Ունենք կոնվենցիա,  որը ստորագրած երկրների համար պարտադիր է , բայց այսօր մենք, ցավոք, տեսնում ենք ցեղասպանություններ։ Այս պայմաններում  ի՞նչ կարող է անել այս բանաձեւը, որն ընդամենը հորդոր է»,-ասում է Պապյանը։ 

ՄԱԿ–ի բանաձեւում կարևորվում  է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։  

Այս հարցը վիճելի է համարում Արա Պապյանը՝ հիշեցնելով Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական նիստը․ «Վիճելի  հարց է, քանի որ Փերինչեքն էլ ասում է դա իմ խոսքի իրավունքն է»։

Ցեղասպանությունները կանխարգելելու լավագույն միջոցը  դատապարտումն է,  եւ նոր բանաձեւը, ՀՀ ԱԳՆ տեղակալի համոզմամբ,  որակապես նոր քայլ է  կանխարգելման օրակարգն ուժեղացնելու ուղղությամբ։

Back to top button