ԿարևորՀասարակություն

Նանոգրաֆիտե ֆիլտրեր՝ օգտագործված դիմակներից ու ձեռնոցներից

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում  կամ հայտնի  անունով՝ Աշտարակի  ֆիզիկայի ինստիտուտում, մտածել են, թե ինչ  կարելի  է ստանալ  օգտագործված դիմակներից։

Այո, պարզվում է դրանք փակ աղբամանները նետելու փոխարեն հնարավոր է հավաքել, տանել Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի պինդ   մարմինների ֆիզիկայի լաբորատորիա ու հանձնել վերամշակման։ 

Նանոգրաֆիտե  ֆիլտրեր՝  օգտագործված դիմակներից ու  ձեռնոցներից։  Առաջարկի  հեղինակը  Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներն են։

Ինստիտուտի պինդ  մարմինների  ֆիզիկայի  լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է ՝ այժմ վերամշակում են պոլիէթիլենային տոպրակները։

«Ի սկզբանե մեր լաբորատորիայում վերամշակումն իրականացնում էինք փոքր ծավալներով։  Հետո  կարողացանք ևս մեկ վառարան ձեռք բերել՝ մեծ դժվարությամբ։ Այժմ պոլիէթիլենային թափոնները վերածում ենք նանոգրաֆիտի, որը  լավ աշխատում է որպես ֆիլտր։ Դրանք փորձարկել ենք որպես ջրի, վառելիքի, սպիրտի ֆիլտրեր»,- ասում է Արամ Մանուկյանը։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն էլ արձանագրում է՝  սկզբունքորեն ոչ մի տարբերություն չկա՝ պլաստիկե  շիշն է վերամշակվում, թե օգտագործված դիմակը կամ ձեռնոցը։ 

 «Սկզբունքորեն հնարավոր է, պարզապես պահանջվում է հետազոտական փուլ, դրանից հետո՝ արտադրական»,- նշում է Պապոյանը։  

Մոտ մեկ շաբաթ առաջ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատողների հետ ևս մեկ փորձարկում են արել և ծրագիր են առաջարկել ․

«Մենք դրանք փորձեցինք որպես վիրուսի ֆիլտր։ Պարզվեց, որ նաև շատ լավ   վիրուս է  ֆիլտրում։ Այժմ նոր սերնդի դիմակների արտադրման նման մի ծրագիր ենք փորձում առաջարկել»,- ասում է Պապոյանը։

Oգտագործվող դիմակների ծակոտկեն հատվածներն ավելի մեծ են, քան ինքը՝ կորոնավիրուսը։ Վիրուսը մինչև  72 ժամ կարող է մնալ  դիմակի վրա։  Իսկ եթե վիրուսը դիմակի վրա է, ապա մեծ է հավանականությունը,  որ այն դիմակից անցնի  շնչուղիներ՝ ասում է գիտնականը։

«Հիմա մենք առաջարկում ենք այդ դիմակի մեջ պաշտպանիչ շերտ դնել նանոգրաֆիտից, որը ցանցի տեսքով կպահի վիրուսին ու թույլ չի տա ներթափանցել շնչուղիներ»,- նշում է Պապոյանը։

Առաջարկները կան, սակայն Արամ Մանուկյանն ասում է, որ  տեղական արտադրողներին քիչ  են   հետաքրքրում նոր  նյութերն ու տեխնոլոգիաները, վստահեցնում  է՝ գործնականում  չեն հետաքրքրում։  Հենց այս պատճառով էլ գիտական  առաջարկները տնտեսության մեջ  գրեթե չեն  հայտնվում։  Արամ Մանուկյանն անձամբ է արտադրողներին իրենց առաջարկները ներկայացնում, 80 տոկոսից  մերժում է ստանում, մինչդեռ նանոտեխնոլոգիաների միջոցով ստացված արդյունքն ավելի էժան է։

«Այսօր Հայաստանում ցանկացած արտադրանքի   գինը հնարավոր է իջեցնել, որակը բարձրացնել։ Մենք ոչ մեկից գումար չենք ուզել։ Ասել ենք՝ այս նյութը մենք ունենք, այս սարքն էլ դուք ունեք, եկեք փորձենք, տեսնենք ինչ նոր արտադրանք կստանանք։ Մերժում են։ Գիտության ու արտադրողի կամ բիզնեսի հետ եղած կապը չի գործում»,- նշում է Արամ Մանուկյանը։

Ընդհանրապես գիտության ոլորտում վստահ են՝ իրենց առաջարկներն ավելին են, քան կարող է կլանել տնտեսությունը։

Back to top button