ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս սահմանափակել ատելության խոսքի տարածումը

Սոցիալական մեդիայում լայնորեն տարածվող ատելության խոսքը  մերթ ընդ մերթ հայտնվում է նաև հայաստանյան մամուլում, համացանցային լրատվամիջոցներում ու հաճախ մատուցվում որպես քննադատություն։ Ի՞նչ անել եւ ինչպե՞ս սահմանափակել ատելության խոսքի տարածումը։

Մոտեցումները միանշանակ չեն, սակայն մասնագետները մեկ հարցում, կարծես,  համակարծիք են՝ ատելության խոսքը չի կարող պաշտպանվել խոսքի ազատության երաշխիքներով: Հարցը, սակայն, թե ինչպես սահմանել «ատելության խոսքը», բարդ է,  եւ դրա լուծումը չունեն անգամ զարգացած ժողովրդավարական երկրներում։

Այսօր խնդիրն այն չէ, որ «ատելության խոսք» երեւույթը գոյություն ունի, այլ այն, որ ժամանակակից տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս դրա՝ հրապարակային գոյությանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է, որ եթե ատելության խոսքի դրսեւորումներ կան հասարակական-քաղաքական տարբեր հարաբերություններում, ապա, ուզես թե չուզես, այն անցնում է նաեւ սոցիալական ցանցեր, ավանդական եւ ոչ ավանդական լրատվամիջոցներ։

Ի՞նչ անել դրա դեմ պայքարելու համար. «Եթե մենք խնդիր ենք դնում պայքարել ատելության խոսքի դեմ կամ հնարավորինս այն սահմանափակել, դա առաջին հերթին պիտի արվի հենց հանրային քաղաքական-հասարակական դիսկուրսում»,-ասում է Նավասարդյանը։

Ատելության խոսքի հրապարակային օրինակներն էլ շատ են՝ սկսած վարչապետի, արդեն թեւավոր դարձած մի շարք արտահայտություններից, մինչեւ ընդդիմադիր գործիչների հակադարձումներ ու սոցցանցերում, լրատվամիջոցներում այդ ամենին տրվող հասարակական արձագանքներ։

«Ես կարծում եմ, եթե քաղաքական գործիչները, այն մարդիկ, որոնք, ինչ-որ տեղ թելադրում են հանրային վարքագծի կանոններ, եթե նրանք հնարավորինս քիչ դիմեն ատելության խոսքի, հնարավորինս քիչ ագրեսիա դրսեւորեն, դա, կարծում եմ, կանդրադառնա ամբողջ հասարակության վրա»,- նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահը։      

Լուսանկարը՝ արխիվից

Դրա համար պետք է աշխատեցնել միջոցներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ խորհրդարանում այդ գործիքը պետք է լինի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը, որը պետք է բացառի նման վարքագիծը խորհրդարանի անդամների կողմից։ Ըստ Բորիս Նավասարդյանի՝ եթե խոսքը տարբեր քաղաքական ուժերի միջեւ բանավեճի մասին է, ապա կարելի է փորձել առավել ակտիվ կազմակերպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումներ ու սահմանել որոշակի խաղի կանոններ։

Հաճախ  ատելությունը կամ զրպարտանքն ու վիրավորանքը որպես քննադատություն են ներկայացվում։ Ընդ որում՝ դա լինում է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից, կարեւոր չէ։ Նման դիտարկումներ իր զեկույցներում կատարել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

«Ես համոզված եմ, որ ատելության խոսքը հնարավոր չի լինի հաղթահարել, եթե չլինի դրա համար բարի կամք։ Այսինքն՝ ատելության խոսք չօգտագործելու բարի կամք։ Թեպետ նույնիսկ օրենսդրական մակարդակով է փորձ արվում այդ հարցը լուծել»,- ասում է Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ աշխատող խումբ կա։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրում միջազգային փորձը, հարցը քննարկում  փորձագետների հետ։   

 «Իհարկե, մենք ավելի շատ  քննարկում ենք օրենսդրական կարգավորումների հարցը, մանավանդ խնդիրն ավելի է սրվում Հայաստանում՝ հաշվի առնելով հայաստանյան այսօրվա իրողությունները։ Ատելության խոսքի մեղմացման ուղղությամբ, վստահաբար, պետք է նաեւ աշխատել առաջին հերթին, կարծում եմ, ԶԼՄ օրենսդրության վրա՝ այս խնդիրը պահելով ուշադրության կենտրոնում»,- ասում է պատգամավորը։

Օրենսդրական սահմանափակումները  վերջին կետն են՝ կարծում է Բորիս Նավասարդյանը։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած պարագայում դա կլինի արտահայտման ազատության սահմանափակում։

Լուսանկարը՝ արխիվից

 «Ատելության խոսքը այսօր մի քիչ անհասկանալի հասկացություն է։ Ընդհանրապես՝ իրավունքը ավելի լավ ծանոթ է «վիրավորանք», «զրպարտություն» եզրույթներին եւ, կարծես թե, եկել է այդ երկու երեւույթները կարգավորելու  տարբեր մեխանիզմների»,- նշում է Նավասարդյանը։

Մինչդեռ ատելության խոսքը շատ ավելի բարդ է կարգավորել եւ եթե հնարավոր է եղած օրենսդրական դրույթներով, որոնք վերաբերում են «վիրավորանքին» եւ «զրպարտությանը», սահմանափակել նաեւ այն, ինչ մենք հասկանում ենք «ատելության խոսքի» տակ, դա առավել կառուցողական մոտեցում կլինի։

 «Ամեն դեպքում, շտապողականությունն այստեղ, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ միայն օրենսդրական խստություններով մենք չենք կարող հաղթահարել այն ընդհանուր ագրեսիան, որ գոյություն ունի մեր հանրային կյանքում»,- ընդգծում է Նավասարդյանը։   

Աշոտ Մելիքյանը համամիտ է գործընկերոջ հետ։ Նա համոզված է, որ շատ դժվար կլինի ու գրեթե անհնար՝ գտնել այնպիսի ձեւակերպում, որը կկարողանա տարանջատել, ասենք, «ատելության խոսքը» «վիրավորանքից», «զրպարտությունից» եւ նմանօրինակ այլ եզրույթներից։ Եզրափակելով՝ նա հիշեցրեց, որ հենց այդ պատճառով է, որ զարգացած ժողովրդավար երկրներում չկա «ատելության խոսքի» այնպիսի ձեւակերպում, որը եւ կկիրառվի օրենսդրական կարգավորումներում,  եւ պատասխանատվության ենթարկելու հիմք կլինի։ 

Back to top button