ԿարևորՀասարակություն

Հայաստանի 27 դպրոցում առաջին դասարանցիների տեղերը համալրվել են հայտագրման առաջին րոպեի ընթացքում

Այս տարի ևս հանրակրթական բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Նպատակը բոլոր երեխաների համար դպրոցի ընտրության հավասար հնարավորություններ ապահովելն է։

Ընդունելությունը մեկնարկել է հունիսի 1-ից։ Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած կետից, իր երեխային կարող է գրանցել առցանց համակարգով։ Գործընթացը հեշտացել է, դարձել ավելի թափանցիկ, բայց այս իրավիճակում էլ կան ծնողներ, որոնք դժգոհ են ընդունելության համակարգից։

Դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը նոր է սկսվել, բայց արդեն ունենք տեղերն ամբողջությամբ  համալրած դպրոցներ և սպասումները չարդարացած ծնողներ։

Դիանա Հակոբյան․ «Հունիսի 11-ին՝ առավոտյան 08։55-ին,  մուտք եմ գործել  ծրագիր, լրացրել եմ հայտը, 09։01 ինձ  նամակ եկավ, որ տեղերը սպառված են։  Երկար սպասումից հետո ես չկարողացա իմ աղջկան ընդունել իմ նախընտրած դպրոց»։

Տեղերի արագ լրացվելն ապացուցում է, որ համակարգն աշխատել է անխափան, իսկ հայտագրումը կատարվել է շատ արագ,  նշում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Միայն առաջին 5 րոպեում դպրոց է ընդունվել ավելի քան 7000 երեխա։

«Մի քանի դպրոց կա, որտեղ առաջին 1 րոպեի ընթացքում արդեն սպառվել են բոլոր տեղերը։  ՀՀ ողջ տարածքում այդ դպրոցների թիվը 27 է։ Ծնողները պետք է հասկանան, որ լիցենզիայով սահմանված տեղերն անսահմանափակ չեն, և դրանց սպառվելուց հետո հայտագրում այլևս չի իրականացվում»։ 

Տեղերի արագ լրացման պատճառներից մեկն էլ այս տարվա մյուս նորամուծությունն է։ «Հանրակրթության մասին» օրենքով առաջնահերթություն է տրվել  այն ծնողներին, որոնք դպրոցում սովորող երեխա ունեն կամ տվյալ դպրոցի աշխատակից են։

Ըստ ժամանակացույցի՝ նրանք հերթագրվել են հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Մյուս երեխաների ընդունելությունը սկսվել է հունիսի 11-ից։ Այդուհանդերձ,  չի եղել և ոչ մի դպրոց, որում տեղերը լրացվել են մինչև հունիսի 11-ը՝ հավաստիացրեց զրուցակիցս։

«Ընդամենը մեկ դպրոցում է եղել, որ  մեկ տեղ էր մնացել, ու դա Կապանում էր»։

Այլ  խնդիր  է, երբ ծնողներն անհամբեր են եղել, չեն սպասել համակարգի թարմացմանը և ժամանակից շուտ են փորձել հայտագրել իրենց երեխաներին։ Այս դեպքում ևս ընդունելությունը ձախողվել է։

«Համակարգը փոխվել է ուղիղ ժամը 09։00-ին։ Կարիք չկար 9-ից 10 պակաս կամ 07։00–ին մտնել ծրագիր ու տվյալներ լրացնել»։

Համակարգն ընտրում է հերթականությա՞մբ, թե՞ պատահականության սկզբունքով․ ի պատասխան հարցիս Արտակ Պողոսյանն ասաց, որ համակարգի հիմքում արագությունն է․ առավելությունը նրանն է, ով ավելի արագ կսեղմի վերջին հրահանգը։

«Շատ դեպքերում չեն հասցրել այն ծնողները, որոնք փոխարեն հայտագրեն, սքրիններ են արել։ Սքրինը ժամանակի կորուստ է։  Պետք չէ սքրին անել, պետք է ուղղակի հայտագրել երեխային։ Համակարգում գրանցումը միջինում 20 վայրկյան է տևում»։

Դպրոցներ ընդունելությունը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա մեկնարկը,  ու չի բացառվում, որ  արդեն իսկ ընդունված երեխայի ծնողը որոշի հետ վերցնել իր հայտը ու տեղափոխել այլ դպրոց։ Այս դեպքում կառաջանան թափուր տեղեր և մյուս երեխաները նույնպես հնարավորություն կունենան ընդունվել տվյալ դպրոց։

«Ծնողը կարող է հետևել թափուր տեղերին՝ ամեն օր մտնելով համակարգ։ Եթե ազատ տեղ լինի, կարող է նորից փորձել հայտագրել իր երեխային»։

Եթե նախորդ տարի 3 քայլով էին կարողանում հայտագրել, ապա այս տարի հայտագրումը կատարվում է ընդամենը երկու քայլով։ Եթե անցյալ տարի համակարգն ուներ չեղարկման ժամկետ, ապա այս տարի նման ժամկետ արդեն չկա։ Հայտը չեղարկվում է միայն այն դեպքում, երբ ծնողը, ստանալով պին կոդը, մտնում է  անհատական էջ ու չեղարկում է այն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close