ԿարևորՏնտեսական

Սիմենթալ ցեղատեսակի խոշոր եղջերավորները փոխարինելու են Կովկասյան գորշերին

Արագածոտնի մարզում գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղերից է  անասնապահությունը: Տավարաբուծությունը զարգացնելու նպատակով պետությունը տարբեր ծրագրեր է իրականացնում, ներմուծում նոր ցեղատեսակի խոշոր եղջերավոր անասուններ:  

Արտենի գյուղի հանդերում  բացի  «Կովկասյան գորշից» արդեն հանդիպում են  նոր ցեղատեսակի կաթնատու և մսատու կովեր: Տեղացիներից մի քանիսը որոշել են տեղական կովերը փոխարինել «Սիմենթալ» ցեղատեսակով:  

Արտենի համայնքում խոշոր եղջերավոր անասուններ բոլորն են պահում, ձեռնտու տարբերակ է, օգտվում են կաթից, մսից ու գոմաղբից: Կաթն ու կաթնամթերքը բավարարում է  ընտանիքի կարիքների  և վաճառքի համար,  չորացրած գոմաղբն օգտագործում են  որպես  վառելիք,  իսկ թացը՝ կոմպոստ պատրաստում և  պարարտացնում հողերը:  Սա համարվում է օրգանական պարարտանյութ: Նորայր Հովհաննիսյան.

«Բոստաններում հողին սնունդ  տալու համար մենք կովի թրիքը լցնում ենք  բոչկի մեջ, ջուր ենք խառնում, վրեն ծածկում, թողնում արևի տակ,  թթվում է, հետո լցնում բոստանը»:

Անասանապահությունն  ավելի եկամտաբեր դարձնելու նպատակով գյուղում սկսել են «Կովկասյան գորշ» ցեղատեսակի կովերը փոխարինել մսատու և կաթնատու ցեղատեսակի անասուններով: Եթե չեն օգտվել պետության առաջարկած անասնաբուծության զարգացման ծրագրերից, ապա գյուղացիները երկրորդական  շուկայից  ավելի էժան գներով  ձեռք են բերել «Սիմենթալ» ցեղատեսակի կովեր:  Անդրանիկ Հովհաննիսյանի հետ զրուցել եմ  դաշտում,  քաղած խոտն էր հավաքում, որպեսզի  հակավորեին, իսկ հարակից դաշտում 9-ամյա որդին նոր ցեղատեսակի կովերին էր հետևում: Անցած տարի գնել է մեկ հղի «Սիմենթալ» ցեղատեսակի կով, հիմա արդեն 2-ն ունի, 2-ն էլ հղի: Ասում է՝ այս կովերին հատուկ խնամք ու պայմաններ են պետք, անասնակերն էլ համակցված կերերով հարուստ լինի: Պահում է «Կովկասյան գորշ»երի հետ նույն գոմում, բայց տարբերությամբ՝ այս երկուսին նախրին չի խառնում, խոտն էլ սեփական դաշտից է:

«Գոմում չենք կարող միշտ պահել, հիմա կաթի գինն իջել է 100-120 դրամ: Ինչքան պտի կթվի, որ իրենց կերածին հասցնենք, դրա համար էլ դաշտ ենք տանում»:

Անարատ  կաթն ու կաթնամթերքը  բավարարում է միայն իր բազմանդամ ընտանիքի կարիքների համար: Երիտասարդը 5 երեխայի հայր է, որից 3-ը մանկահասակ՝ դեռ դպրոց չեն գնում: Անդրանիկն ասում է, որ  որոշել են իրենց ունեցած «Կովկասյան գորշ»-երը փոխարինել նոր ցեղատեսակով: Սիմենթալներն օրական տալիս են մինչև 25 լ կաթ, իսկ տեղականները՝ 6-10լ:  Ամիսներ առաջ անասնաբույծի միջոցով Սիմենթալը խաչասերել է Հոլշտինի հետ:

«Համոզված ենք, որ մեր ուզած ցեղատեսակի հետ է արհետականորեն  բեղմնավորել: Էդ սրվակը անասնաբույծը  մեր ներկայությամբ է բացում, սրվակի վրա կոդ կա, որի միջոցով ինտերնետում ճշտում ենք պարունակությունը, իսկ սրվակն էլ պահել ենք»:

Անդրանիկը խոշոր եղջերավոր անասուններից մի քանիսին  սար է  ուղարկել՝ արոտավայր, հորթերը՝ նախիր, իսկ նոր ցեղատեսակներին մի քանի ժամով առանձին տանում է  արոտ:

Գյուղում առաջին խոտհունձն արդեն սկսվել է: Անդրանիկը շուռումուռ էր տալիս խոտեր,  շարքով հավաքում, հակավորելու էին: Մի կողմում առվույտն է, մյուս կողմում ծառերի տակի խոտը: Ասում է՝ այս տարի ծիրանի  այգուց օգուտը մնաց տակի խոտն ու էտված ճյուղերը,:

Խոտ հավաքելուն մասնակցում էր ամբողջ ընտանիքը, հետո հակավորելու էին ու տեղափոխելու գյուղ: Անասունների ձմռան պաշարն են դիզում, իսկ այս տարի 2 Սիմենթալից կծնվեն Հոլշտինի խաչասերված հորթերը:

Back to top button