ԿարևորՀասարակություն

Ծառուկյանին չկալանավորելը պարտությու՞ն, թե՞ հաղթանակ

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ –ի  միջնորդությունը:  Դատախազությունն էլ հայտարարեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

ԱԱԾ-ն այսօր մանրամասներ է ներկայացրել գործից, նաև դիմել հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը։ Հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու համար ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է    գործին վերաբերող տեղեկություններ ունենալու դեպքում  իրազեկել վարույթն իրականացնող մարմնին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Ծառուկյանի գործը  չի շրջանցվել։

ԱԺ «ԼուսավորՀայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է,  ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական գործն ունի քաղաքական դրդապատճառներ: Քրեական գործի նյութերը հասանելի են  եղել քաղաքական գործիչներին, նախարարներին և հրապարակվել են, ինչն օրենքի խախտում է։

«Եվ ես իմ խոսքի մեջ դատախազին ասել եմ, որ հնարավոր է` խորհրդարանը խայտառակ լինի: Երեկ դա տեղի է ունեցել, այսինքն՝ 87 մարդ հիմա հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չէ, մենք մեր համոզմունքն արտահայտել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշմամբ»,- ասաց Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շեշտում է՝ խորհրդարանը միայն համաձայնություն է  տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն,  ոչ թե դիրքորոշում է հայտնել։

«Կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել նախաքննության վրա»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը ո՛չ իրենց հաղթանակն է համարում, ո՛չ էլ իշխանության պարտությունը:

«Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական  պետությունում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու, և դատարանը միայն վերահաստատեց մեր այս տեսակետը»,- ասաց նա:

ԱԱԾ-ն այսօր մանրամասներ է ներկայացրել Ծառուկյանի գործից, նաև դիմել հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը։

Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է ․

«Որպես փաստական տվյալներ, դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև «Երևանշին» ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված «ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները» վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև դատարանի կողմից»:

Հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու համար ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է   նաև  գործին վերաբերող տեղեկություններ ունենալու դեպքում  իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:

Back to top button