ԿարևորՀասարակություն

ՍԴ խնդիրը լուծելու 4-րդ փորձը․ ո՞վ հրաժեշտ կտա դատարանին

89 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների խորհրդարանն այսօր միաձայն ընդունել  է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Քվեարկությանը, սակայն,  մասնակցել է միայն «Իմ քայլը»  խմբակցությունը։

Սա ԱԺ-ի հերթական  քայլն է ՍԴ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Հիշում ենք խորհրդարանի նախորդ նախաձեռնությունները՝ ՍԴ նախագահի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց, կառույցի անդամներին վաղաժամ թոշակ առաջարկող օրինագիծ, հանրաքվե, որն ընդհատվեց համավարակի պատճառով։ Չեղարկված հանրաքվեի այլընտրանքը խորհրդարանում այսօր քննարկված նախագիծն է։

Իշխանությունը հայտարարում է, որ հարցը լուծված է, իսկ ընդդիմությունը զգուշացնում՝ այսօրվա  քայլը քաղաքական պատասխանատվություն է ենթադրում։ Երկու մոտեցումների արանքում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, որից մեջբերումներ բոլորն են անում՝ բայց ըստ նպատակահարմարության։

Խորհրդարանական երկու խմբակցությունները այսօր կրկին չմտան ԱԺ դահլիճ։ Եթե ԼՀԿ անդամները նախապես էին որոշել և ընդդիմախոսելու իմաստ չէին տեսնում, ապա ԲՀԿ–ն օրվա կեսից փոխեց նախնական որոշումը և քննարկումներից հետո հանդես եկավ նոր՝ կոշտ հայտարարությամբ։ ԲՀԿ–ԼՀԿ այսօրվա բոյկոտի հիմնավորումները Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանն են ներկայացնում։

Նաիրա Զոհրաբյան «Այս նիստով հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման, այս նախաձեռնությամբ Հայաստանում հաստատվում է բռնապետություն, ուստի «Բարգավաճ Հայաստան»–ը չի մասնակցելու մի նիստի, որի բոլոր մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»։

Էդմոն Մարուքյան «Երբ հանրաքվեի որոշումն էր խորհրդարանում քվեարկվում, խոսվել է, որ հանրաքվեն միակ ճանապարհն է ավելի բարձր լեգիտիմ որոշում կայացնելու համար։ Այսպես էին պատասխանում, երբ հարցնում էիքն՝ ինչու խորհրդարանի միջոցով չեն անում։ Հիմա պարզվում է, որ խորհրդարանում էլ կարելի է դա անել»։

Ընդդիմությունը խոսում է իշխանության անսկզբունքային քայլերի մասին, նույնը անում է նաև իշխանությունը՝ ընդդիմադիրներին հիշեցնելով նախկին հայտարարությունները։

Լիլիթ Մակունց «Երբ դա փորձում էիքն անել հանրաքվեի միջոցով, այն ժամանակ էլ կարծիք կար, որ լավագույն տարբերակը ԱԺ–ում որոշում կայացնելն է։ Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր նմանատիպ կարծիք են հնչեցրել, այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումը հայտնեին»։

Քրիստինե Պողոսյան․ «Ամեն օր, ամեն ժամ բողոքում և բղավում են բոլոր հնարավոր տեղերից, որ նրանք ներկայացնում են իրենց ընտրողներին։ Տիկնայք և պարոնայք, որտե՞ղ եք։ Ես, իհարկե, գիտեմ որտեղ են նրանք՝ այնտեղ են, ուր լինում են միշտ, երբ ՀՀ–ում պետության համար կարևորագույն հարցեր են որոշվում»։

Հովհաննես Հովհաննիսյան ․ «ՍԴ միակ գործառույթը եղել է լռությունը։ Լռությունը այն հարցերի նկատմամբ, որոնք օրակարգային են եղել ժողովրդի համար։ Լռություն ընտրակեղծիքների նկատմամբ, լռությունը համատարած ունեզրկման նկատմամբ, լռությունը թալանի նկատմամբ։ Երբ նրանց «բամփում» են, նրանք այդ ժամանակ գիտեն, թե ինչ է լռությունը։ Իսկ այս իշխանությունը, որը չի «բամփում» սկսել են տարբեր կողմերից խոսել»։

Վերջին օրերին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս շատ են խոսում Վենետիկի հանձնաժողովից ստացված եզրակացության մասին։ Յուրաքանչյուր կողմ մեջբերում է այն հատվածները, որտեղ իր համար շահեկան իմաստ է տեսնում։ Մեկնաբանություններն այնքան տարաբնույթ են, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում թիմակիցներին ուղղված հարցեր են առաջացել՝Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակի հեղինակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանին։

Թագուհի Թովմասյան«Եթե չպետք է լսեինք խորհուրդը՝ ինչո՞ւ էինք հարցնում»։

Վահագն Հովակիմյան «Ըստ էության՝ այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, այս մոտեցումը պաշտպանում է Վենետիկի հանձնաժողովը»։

Ռուստամ Բադասյան «3 հարց էր հղվել Վենետիկի հանձնաժողովին։ Արդյո՞ք Աժ–ն իրավունք ունի չեղարկել հանրաքվեն, պատասխանը միանշանակ՝ այո, ունի։ Արդյո՞ք ՍԴ կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը, այսինքն՝ այն ժամանակ, երբ փոփոխությունները ԱԺ–ն ուղարկում է ՍԴ–ին, կրկին պատասխանը միանշանակ է, որ ՍԴ սահմանադրության վերահսկողության շրջանակը պետք է նեղացվի և միայն անփոփոխելի հոդվածների հակասության տիրույթում դիտվի։ Երրորդ և հիմնական հարցը՝ արդյո՞ք 12 տարի պաշտոնավարած դատարանի դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման, իսկ մնացածների սահմանափակումը 12 տարով ժամկետը ընդունելի, Հայաստանի բացառիկ իրավիճակը հաշվի առնելով համարվել է ընդունելի»։

Եվրոպական կառույցը խորհուրդ է տվել անցումային շրջան սահմանել ժամկետը լրացած դատավորների համար։ Հայկական կողմը, սակայն, պնդում է՝ 1.5 տարի է ՍԴ անդամներին այդ ժամկետը տրվել է։ ՍԴ–ին վերաբերող սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ուղարկվի ՍԴ՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։ Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ այստեղ կա շահերի հստակ բախում։ Բացի այդ, խորհրդարանն ընդունել է քննարկումների հատուկ ընթացակարգ՝ նախագծի երկու ընթերցումն էլ կազմակերպել նույն  օրվա ընթացքում։

Ուշագրավ է, որ հանրաքվեի դեպքում շատ ավելի կոշտ լուծումներ էին առաջարկվում։ Նոր լուծումներն ավելի մեղմ են։ Հանրաքվեն դադարեցնելու էր ՍԴ 7 անդամի լիազորությունները, իսկ նոր նախագիծը փոխում է ՍԴ 4 անդամի կարգավիճակ։

Գործունեությունը դադարեցնելու են 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները։ ՍԴ նախագահը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր,  իսկ նոր նախագահն ընտրվելու է ՍԴ նոր կամ համալրված կազմի  կողմից,  թափուր 3 տեղը համալրվելու է  մեկամսյա ժամկետում։

Արդեն կարելի է հստակ ասել, որ նախագծի ընդունումից հետո զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տալու Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը։ Նրանք կգնան թոշակի։

Սրանից ՍԴ աշխատանքը չի տուժի, ասում են նախագծի հեղինակները։ Հաշվարկել են, որ ՍԴ 9 դատավորներից 6–ը մնում են, ուստի քվորումի խնդիր չի առաջանում։

Back to top button