Ծովահայեր

Հյուսիսի դրախտը․ Արփի լիճ. «Ծովահայեր»

  Ինչպե՞ս կազմակերպել արձակուրդները, որ վերականգնվեն կենսական ուժերը՝ արդյունավետ աշխատանքի համար: Ամառը գունեղ տպավորությունների շրջան է․ ծով, բնություն, նոր լիցքեր ու վառ տպավորություններ: Բայց՝ ստեղծված իրավիճակն իրենն է թելադրում։ 

  Փակ սահմանները հաճախ բացում են նոր հնարավորություններ, մեր երկրի գանձերը տեսնելու ժամանակն է:

«Ծովահայեր»-ի դրախտի ուղեգիրը դեպի  Արփի լիճ է. ազգային պարկ, էկոտարածք, էկոսնունդ, էկոհանգիստ ալպիական բնության գրկում: 

 Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ լիճը, Սևանա լճից հետո, Արփի լիճն է, հյուսիսի մարգարիտը։  Ուղևորվում ենք հյուսիս։

 Այստեղ մեր և աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ միայն լիճն է, այլ նաև մի ամբողջ էկոհամակարգ։

 Ծովի մակերևույթից 2025 մ բարձրությամբ այս Էկոհամակարգը 2007-ից «Կովկասի Էկոտարածաշրջանի Բնապահպանական Ծրագրի» շնորհիվ համաշխարհային կարևորություն ստացավ, Գերմանիայի՝ KFW Զարգացման բանկից  2.200.000 եվրո բյուջե և Բնության պահպանության հիմնադրամն  ու ՀՀ բնապահպանության նախարարությունը ձեռնամուխ եղան բացահայտելու տարածքի առանձնահատկությունները։

  Այս Էկոհամակարգը իր լեռնային տափաստաններով, ենթալպյան մարգագետիններով, ինչպես նաև լճերով և խոնավ տարածքներով առանձնահատուկ է կովկասյան տարածաշրջանում, այն նաև նպաստավոր գոտի է չվող և բնիկ թռչունների բազմացման համար: Այդ թռչունների որոշ տեսակներ գտնվում են «Բնության Պահպանության Միջազգային Միության»  կարմիր ցուցակում: Այս յուրահատուկ էկոհամակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր ցուցաբերել համակրգված մոտեցում:

 2009թ-ին, կառավարության որոշմամբ, 21 հազար հա տարածքում ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը։

Ձմեռն այս տարածքի գրեթե մշտական տիրակալն է, հունիսից տաքանոմ է հոկտեմբերից՝ ցրտում: Ի դեպ՝ Արփի լճին ամենամոտ բնակավայրում՝ Պաղակն գյուղակում է խորհրդային տարիներին գրանցվել Անդրկովկասում ամենացուրտ՝ -46 աստիճանը:

  Հարակից  գյուղերի բնակիչները կես կատակ կես լուրջ ասում են, թե հաշվարկով են ամուսնանում, որ երեխան գարնանը ծնվի, թե չէ խստաշունչ ձմռանը բուքը սաստկանում է, ճանապարհները փակվում, ծննդկանին հիվանդանոց հասցնելը սխրանքի հավասար արարք է դառնում: 

 Մյուս կողմից էլ՝ ձյան գերության խաղաղ անդորրը հեքիաթային հանդարտություն է պարգևում:

  Մեր երկրի այս չքնաղ անկյունի գոհարն, իհարկե, Արփի լիճն է:  Լիճ են թափվում Եղնաջուր գետակի և լեռներից իջնող առվակների ջրերը: 1951 թ.-ին կառուցված ջրամբարից է սկիզբ առնում Ախուրյան գետը, որը հոսում է դեպի Հայաստանը ժամանակակից Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: 

Ի դեպ՝ Թուրքիա ասելիս  հիշեցի պատմական անցյալը, ուղիղ 100 տարի առաջ, 1920 թ․-ին, Ալեքսանդրապոլում Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները իրենց հուշերում գրել են, որ թուրքերը մտադիր էին տիրանալ նաև Աղբաբային:   Ամասիայի տարածաշրջանն Աղբաբա անվամբ է հիշատակվում:   

 Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին, իհարկե՝ ոչ  հանուն «հայ-թուրքական բարեկամության»: Ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականներն արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց, քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան:

  Ազգային արժանապատվությունս վիրավորվում է, երբ պատկերացնում եմ, որ մեր երկրի այս հրաշք անկյունը դարասկզբին մեզ է վերադարձվել որպես մանրադրամ՝ ռուս-թուրքական առուծախի արդյունքում:

 Բայց․․․  րոպեներ անց խաղաղվում եմ, երբ բացվում է լճի չքնաղ տեսարանն իր կղզիներով, որտեղ հազվադեպ թռչուններ են ձվադրել։  Տեսարանը  հրաշք է։

Արփի լիճ ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 19 տեսակը ներառված է ՀՀ կարմիր գրքում:

 «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանի, այդ թվում Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայթաքիս, տափաստանային հողմավար բազե եւ այլ թռչուններ: Այստեղ գրանցված է ձկան 11 տեսակ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողես եւ 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության  կարմիր ցուցակում։

Ի դեպ՝ ասում են, Արփի լճում ամենահամեղ ձուկն է բազմանում։

193 տեսակի թռչուն, որոնցից 32-ը՝ ՀՀ Կարմիր գրքում եւ 11 տեսակը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում, կաթնասունների դասի 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում: Արփի լճի տարածքում է գտնվում որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ՝ Սև արագիլի: Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում եւ Դարեւսկու իժի(գրանցված է  կարմիր գրքում) միակ բնակավայրն աշխարհում:

Թռչուններից 7 տեսակը համարվում են վտանգված, այդ թվում գանգրափետուր հավալուսինն ու մրգահավը: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մոխրագույն սագը, մոխրագույն կռունկը եւ հայկական որորը:

  Մեկ այլ հաճելի տրամադրություն է ստեղծում պարզ ու ջերմ ընդունելությունը։ «Արփի լիճ» Ազգային պարկի  տնօրեն Մուշեղ Մուրադյանն ու փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը ներկայացնում են հյուսիսային դրախտի գրավչությունը։

  -Պարոն Մուրադյան, մշակվե՞լ են զբոսաշրջային երթուղիներ։

— Իհարկե, կան դեպի Արփիի անտառ տանող երթուղին , դեպի Արվար- Արդենիս տարածքում գտնվող արգելոց, որտեղ դեղին ջրաշուշաններն են աճում, մեր գեղեցկուհիները։ Քանի որ արգելոց է մեծ խմբեր չենք տանում։

  -Այսինքն՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկի անհատակա՞ն մոտեցում է։

— Այո, մեր գերխնդիրն է, որ մեր այցելուները տեսնեն Հայաստանի ֆաունայի և ֆլորայի բոլոր գանձերն ու գնան վառ տպավորություններով։

-Ինչպիսի՞ք են գիշերակացի հնարավորություններն ու պայմանները։

-Մենք ունենք հյուրատնային ծառայություն, կարելի է ձիարշավներ կազմակերպել։

 -Ինչպիսի՞ գումարներ են պետք գիշերակացի համար։

— Շատ մատչելի է, յուրաքանչյուր այցելու ընդամենը 2000 դրամ է վճարում մեկ օրվա համար, նոր կահավորված սենյակներ ունենք , խոհանոց,  լոգարան։

-Այս տարի այցելուների ինչպիսի հոսք է գրանցվել՝ ստեղծված վիճակից ելնելով։

— Ակտիվություն մեզ մոտ նկատվում է, հիմնականում սիրողական ձկնորսությամբ են զբաղվում, տարածքով են շրջում։ Որդեգրել ենք այն սկզբունքը, որ ունենանք մեծ թվով հանգստացող քաղաքացիներ։ Հունվար-փետրվար ամիսներին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել, մեր և Ֆրանսիայի ազգային պարկերի համագործակցության, նաև Ֆրանսիայից մեծ թվով զբոսաշրջիկների հոսք էինք սպասում, սակայն ստեղծված դրությունը հետաձգեց ծրագրերը։

-Պարոն Մուրադյան, ի՞նչ կանոններ կան, որոնց պետք է հետևեն այցելուները։

— Նախ պետք է պահպանեն պարետի որոշումները, հաջորդը՝ պահպանեն, մաքուր պահեն բնությունը, հրդեհավտանգ իրավիճակներ չստեղծեն։ 

-Կարծեմ՝ դպրոցահասակների հետ էլ էիք աշխատանքներ տանում։

-Այո, մենք ավելի լայնածավալ աշխատանքներ էինք նախատեսել, սակայն համավարակը խանգարեց։

-Ի՞նչ կարող են տեսնել Ղազանչիի այցելուների կենտրոնում։

-Այնտեղ կարող են տեսնել չորացած բույսեր, կենդանիներ, ու նույնիսկ լանդշաֆտների մանրակերտեր, որոնց շնորհիվ կարելի է ամբողջական գաղափար կազմել Արփի լճի մասին։

-Պարոն Ֆարզադյան հարցս ուղղեմ ձեզ։ Հիշում եմ, որ, մի ժամանակ շատերն ասում էին, թե դա լեգենդ է, սև արագիլ չկա այստեղ, մինչև հայտնվեցին լուսանկարներ։ Այցելուները ո՞ր տարածքներում կարող են տեսնել սև արագիլներին։ 

-Սև արագիլներին նկատել ենք իրենց հետադարձ չուի ժամանակ, շատ զգուշավոր կենդանիներ են, 100 մետրից մոտ չենք կարող գնալ։ Սև արագիլներին հիմնականում կարող ենք տեսնել Ախուրյանի կիրճում:

-Ասում են՝ այս լճի ձուկն ամենահամեղն է, ինչո՞վ է այն առանձնանում։

-Միգուցե նրանով, որ այստեղ ջուրը մաքուր է և սառը, ձկներն ավելի յուղոտ են լինում։

-Այստեղ ի՞նչն է ավելի շատ գրավում զբոսաշրջիկներին։

 -Յուրաքանչյուր զբոսաշրջիկ այստեղ գտնում է իր նախասիրությունը, մեկին հետաքրքրում է քայլարշավը, մյուսին՝ լիճը, հաջորդին՝ թռչնադիտարկումը։ Կան զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրում են միայն բույսերը և կենդանիները։

-Մերոնք ի՞նչ են ավելի շատ սիրում, և ի՞նչ են սիրում օտարերկրացիները։

-Հայերս՝ այսպես ասած «ուտող-խմող» ժողովուրդ ենք և սիրում ենք անտառ, խորոված։ Արտասահմանցիները՝ էկոսնունդ, ավելի շատ սիրում են քայլել, վայելել։ Կան թռչնադիտարկման սիրահարներ, որոնք պատրաստ են այլ երկրներից գալ, հասնել այստեղ մեկ-երկու թռչուն տեսնելու համար։ Գերմանիայից 7 հոգանոց խումբ էր եկել հենց թռչնադիտարկման համար։

-Գերմանիայից 1000 ավոր կիլոմետրեր ու եվրոներ ծախսելով հասել են այստեղ միայն հեռվից թռչուններին նայելու համա՞ր։

 -Այդ ամեն հաշվի առնելով, անցած տարի ստեղծեցինք թռչնադիտարկման առանձին տեղ, այս տարի արդեն կարող են ավելի հետաքրքիր թռչնադիտարկում իրականացնել։ Կան նաև զբոսաշրջիկներ, որոնք կարող է գան հատուկ որևէ ծաղիկի համար։

-Մենք ունե՞նք նման ծաղիկներ, որոնց տեսնելու համար արժե 1000 ավոր եվրոներ ծախսել ու 1000 ավոր կիլոմետրեր անցնել։

 — Նույն գերմանացիների օրինակը բերեմ, որոնք եկել էին թռչնադիտարկման համար, բայց ամեն ինչ մոռացան, երբ նկատեցին թրաշուշան, որը գրանցված է կարմիր գրքում և 2 ժամ նկարում էին։ Ազգային պարկի տարածքում կան 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից առավել ուշադրություն են գրավում դեղին Կոկոռը, կովկասյան հիրիկը, թրաշուշանը, ցանցավոր հիրիկը։ Տարածքում կառուցվել են պատվարներ ջրի մակարդակը բարձրացնելու համար և արդեն 2 տարվա ընթացքում նկատվում է ջրաշուշանի քանակի ավելացում։

 Լսելը մի բան է, տեսնելն ու զգալը՝ այլ, շարժվեցինք դեպի դեղին ջրաշուշանների արգելոց։ 7 կմ տարածք ամենագնացն անցնում է ծաղկած մարգագետիններով։  Այս բուսատեսակներից ամեն մեկը 1000 հիվանդության դեղ է՝ ասում են տեղաբնակները։ Եթե ամեն մի բույսի շուրջ հետաքրքրություններս բորբոքենք, ապա ստիպված կլինենք օրերով մնալ այս հրաշք վայրում, ինչը մեծ շռայլություն կլինի, ուստի՝ ճանապարհից  չենք շեղվում և ուղևորվում ենք դեղին ջրաշուշաններ տեսնելու։

 Կարծես թե ամենալավ ժամանակն ենք ընտրել, բացվել են ջրաշուշաններից մի քանիսը  և բազում կոկոններ զուլալ  ջրից  ու տերևների տակից ուզում են դուրս գալ, ամբողջացնել տարածքի գեղեցկությունը։

Տարածքի գեղեցկությունը դրոշմվում է տեսնողի մտապատկերում։

 Ափսոս, որ Արփի լիճ ազգային պարկ այցելությունն աշխատանքային էր։ Մեկ օրում տպավորությունների մեծ պաշար հավաքեցի ու որշեցի հանգստյան օրերն անցկացնել Արփի լճում, ալպիական մարգագետիններում , լսել լճի մեղմ ճողփյունը, հազվագյուտ թռչունների կռինչն ու շնչել հազարավոր ծաղիկների բույրը, որ մեղմ զեփյուռը միահյուսում ու տարածում է օդում։  Հիասքանչ է հյուսիսի դրախտը։

Ցուցադրել ավելի
Back to top button