ԿարևորՀասարակություն

Սահմանադրության փոփոխությունների նախագիծ՝ «Իմ քայլի» պատգամավորներից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են վերաշարադրել Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Այն վերաբերում է ՍԴ դատավորների և նախագահների պաշտոնավարման կարգին։

Նախագծով առաջարկվում է 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորության ժամկետը համարել ավարտված։ Նպատակը, ըստ հիմնավորման, 2015թ․ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ ձևավորման նոր մոդելի կիրառումն ապահովելն է։

«Ակնկալվում է լուծել ՍԴ կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրային վստահության բացակայության շուրջ առկա խնդիրները և երաշխավորել 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված ՍԴ ձևավորման մոդելի ամբողջական կիրարկումը», — գրել են հեղինակները նախագծի հիմնավորման մեջ։

ՍԴ գործող կազմի  9 դատավորից 12 տարուց ավելի պաշտոնավարել են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գուլումյանը և Հրանտ Նազարյանը:

Ըստ նախագծի՝ թափուր տեղերի համար մեկամսյա ժամկետում առաջադրումներ կկատարեն  հաջորդաբար կառավարությունը, հանրապետության նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը:

Նախագծով սահմանվում է նաև, որ դադարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը: Թափուր տեղերի համալրումից հետո ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի ՍԴ նոր կազմի կողմից:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ կարող է հանդես գալ պատգամավորների առնվազն 1/3-ը։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկությունը:

Back to top button