ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ

Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը։

«Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։

Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ նոր առաջարկներով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։

Առաջարկությունների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին»։

Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։

Հիշեցնեմ, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) Հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս:

Այսպիսով, Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»,- գրել է նա։

Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության…

Gepostet von Arman Yeghoyan am Freitag, 19. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close