ԿարևորՎերլուծական

Կհարձակվի՞ Թուրքիան Հայաստանի վրա. որքանո՞վ է իրատեսական Անկարայի 2000 թ. պլանը

Օրերս  հայկական տեղեկատվադաշտում հերթական անգամ սկսեց շրջանառվել Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների պլանը գաղտնազերծող տեղեկատվություն։  Ինչպես և նախորդ անգամ, հիմա էլ Անկարայի հույժ գաղտնի ծրագրերը  բացահայտել է շվեդական Nordic Monitor պարբերականը։

Որքանո՞վ կարող են իրական լինել Անկարայի նկրտումները Հայաստանի նկատմամբ, թուրքական իշխանությունները  իսկապե՞ս կարող են գնալ մեր երկրի դեմ արկածախնդրության և ո՞րն էր շվեդական կայքի թիրախային լսարանը։

Թուրքիան օրերս  հերթական ռազմական գործողությունն  է սկսել Իրաքի տարածքում։ Բոլորին արդեն վաղուց պարզ է, որ այսպես կոչված  հակաահաբեկչական պայքարն ընդամենը Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության հերթական դրսևորումն է, որը մեր հարևանը  վարում է Էրդողանի իշխանության գալուց ի վեր:

Իրաքում թուրքական նոր ռազմական գործողության ֆոնին հայկական լրատվադաշտը  ցնցեց Թուրքիայի գլխավոր շտաբում մշակված Հայաստանի ու Հունաստանի դեմ գրոհի վերաբերյալ տեղեկությունը: Միանգամայն իրատեսական սցենար, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այսօր դարձել է մոլորակի ամենաագրեսիվ պետություններից մեկը, եթե ոչ ամենաագրեսիվը: Բայց բացահայտումն անցյալից էր․ Հայաստան ներխուժման պլանը  կազմված է 2000 թվականի օգոստոսի 15-ին, Հունաստանինը՝ 2014-ի հունիսի 13։ Երկուսն էլ տեղ են գտել  2016-ին այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին գործի նյութերում։

Հենց հեղաշրջման անհաջող փորձից հետո են Շվեդիա տեղափոխվել Nordic Monitor կայքի երկու հեղինակներ Աբդուլահ Բոզկուրտը և Լևենտ Կենեզը: Առաջինը Today’s Zaman թերթի Անկարայի բյուրոյի ղեկավարն էր, երկրորդը`  Meydan պարբերականի գլխավոր խմբագիրը: Թուրքիայի կառավարությունը երկու լրատվամիջոցն էլ  փակել է 2016 թվականի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Իսկ նշված անձինք  գյուլենականությանը հարելու մեջ մեղադրանքով  քաղաքական հետապնդումների են ենթարկվել։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ նմանատիպ տեղեկատվական նյութերը միջազգային հանրությանը Անկարայի ագրեսիվ քաղաքականության ապացույցներ ներկայացնելու նպատակ են  հետապնդում։  

«Հրապարակման բուն թիրախն ու լսարանը կարող են լինել այն ուժերը, որոնք ունեն հակաթուրքական ուղղվածություն և աշխատում են Թուրքիայի զսպման ուղղությամբ։ Սա զուտ կարող է արվել Թուրքիային վարկաբեկելու համար, ցույց տալու, թե ինչ վտանգ է ներկայացնում այսր Էրդողանի իշխանությունը տարածաշրջանային երկների համար»,- ասաց Վերանյանը։

Արդյո՞ք հայկականն էր գյուլենականության մեջ հայրենիքում մեղադրվող և Շվեդիայում մասնագիտական գործունեությունը շարունակող երկու թուրք լրագրողների թիրախային լսարանը, հարցին պատասխանում է  նաև «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը․

«Գյուլենականների դեմ մեծ հալածանք է Թուրքիայում, հետևաբար այս լրագրողները, որ մեղադրվում են գյուլենականության մեջ, ամեն ինչ անում են համաշխարհային կարծիքը Թուրքիաի իշխանությունների դեմ տրամադրելու համար։ Իրենք մտածում են, որ հայերն առանց այդ թղթերի էլ պետք է իմանան, որ Թուրքիան միշտ էլ պատրաստ է Հայաստանի վրա հարձակվել»,- նշեց Արա Պապյանը։

Նա միաժամանակ չի բացառում, որ տեղեկատվությունը երրորդ կողմից ուղղորդված կարող էր լինել, իսկ թիրախային լսարանը՝ հենց հայկականը։

«Սա ակնհայտորեն այն է, ինչը ռուսներն անվանում են «սպեցօպերացիա»: Այսինքն՝  Հայաստանի հասարակության մեջ վերարթնացնել ֆոբիաները և ասել․ դու ունես երկու ընտրութուն՝  թուրքական յաթաղանի և ռուսական սապոգի միջև»,- ասաց վերլուծաբանը։

Բնականաբար, բոլոր երկների զինված ուժերը միշտ հաշվի են առնում պատերազմների, ռազմական գործողությունների հնարավոր սցենարները։ Արտառոց կլիներ, եթե Թուրքիան չունենար Հայաստանի նկատմամբ նման ծրագիր, — շարունակում է  ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան ավարտած  քաղաքագետը, մանրամասնելով․ երկու մակարդակի ռազմական փաստաթուղթ են ընդունում՝ քիչ հավանական կամ իրադարձային, որն ավելի հավանականն է։ Քիչ հավանական պլան իրար նկատմամբ մշակում են  նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։

«Վստահ եմ՝ անգամ Ռուսաստանը կարող է ունենալ Հայաստանը ռմբակոծելու ծրագիր։ Բայց դա չի նշանակում, որ վաղը դա անելու է»,- ասում է Արա Պապյանը։

Սակայն ցանկացած անգամ, երբ մեր լրատվական դաշտում նման տեղեկություն է հայտնվում, արթնանում են ագրեսիվ հարևանի նկատմամբ մեր հասարակության ֆոբիաները, որոնք ամրապնդվում են նաև մեր դաշնակից Ռուսաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած սերտ հարաբերություններով։

 Տարածաշրջանային հարցորով փորձագետ Կարեն Վերանյանը ֆոբիաների համար  ևս մեկ պատճառ է նշում  հարևանների հանդեպ Անկարայի  վարած ագրեսիվ քաղաքականությունը։

«Թուրքիան այն պետությունն է, որ տարբեր երկների  նկատմամբ իրականացնում է ոտնձգություններ, խախտում ինքնիշխանությունն ու  տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանը ընձեռեր նման հնարավորություն, Թուրքիան նույնը կաներ նաև Հայաստանի նկատմամբ։ Կարծում եմ միակ պատճառը, որ Թուրքիան դա չի արել այն է, որ Հայաստանը այդ հնարավորությունը չի ընձեռել»,- նշեց Վերանյանը։

Արա Պապյան նույնպես վստահ է․  Անկարան Հայաստանի ոչնչացման գաղափարը երբեք չի հանել և չի հանի իր եթե ոչ պետական, ապա ազգային ծրագրից, և մեզ համար խոսուն  «թուրքը մնում է թուրք» արտահայտությունն արդիական է միշտ․

«Եթե այսօր կա խաղաղություն, կա Թուրքիայի համաշխարհային զսպում և երկրորդ`  որոշակի ռազմական հակադարձելիության հնարավորություն։ Թուրքիան հարձակվում է Հայատստանի վրա, ինքն ավելի ուժեղ է, բայց մենք կարող ենա այնպիսի հակահարված հասցնել որ Թուրքիան նույնպես  շատ լուրջ վնասներ կկրի, մյուս կողմից էլ շահածն ի՞նչ պետք է լինի»,- ասաց Պապյանը։

Նա վստահ է՝ Թուրքիան, որպես պետութուն,  չի մտնի Հայաստանի հետ պատերազմի մեջ, բայց ամեն ինչով կաջակցի  Ադրբեջանին։ Հետևաբար, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, մենք Նախիջևանում ճակատ ենք ունենալու։

Հայաստանի անվտանգային համակարգը այժմ կախված է  միայն հայ-ռուսական հարաբերություններից, որի կողքին անհրաժեշտ է ունենալ նաև այլընտրանք, ասում է նա։

«Բացի Ռուսաստանից, ոչ Ռուսաստանի փոխարեն, պետք է  ունենալ այլ ռազմավարական դաշնակիցներ, որոնք կլինեն Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։ Այդ դեպքում Ռուսաստանն իրեն ավելի զգոն կպահի»։

Արա Պապյանի խոսքով՝ կա այսպիսի մի չինական ձևակերպում, որ Չինական պարիսպը սկսվում է Արարատի ստորոտից ։ Կա Չինաստանի և Թուրիայի շահերի բախում, և Թուրքիայի՝ դեպի Արևելք ձգտման հիմնական  հակակշիռը այսօր պետք է լինի Չինաստանը»,- համոզված է Արա Պապյանը։

Back to top button