ԿարևորՏնտեսական

Արտենիում ծիրանի այգիները ցրտահարվել են, ռիսկի ապահովագրությունը հասանելի չէ

Եթե Արմավիրի մարզի ծիրանի այգիներում  բերքն արդեն հասունանում է և արտահանողներն արդեն այգիներում են, ապա Արագածոտնի մարզի Արտենի գյուղում դրա ակնկալիքը չունեն: Գարնանային ցրտահարությունը, տևական անձրևներն ու կարկուտը վատ են անդրադարձել  բերքատվության վրա: Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային  ծրագրով  Արագածոտնի մարզում հասանելի էր միայն  հրդեհի ու կարկտահարության ռիսկից ապահովագրությունը, իսկ ցրտահարության դեմ կներդրվի  2021թ-ից

Արագածոտնի մարզի Արտենի գյուղը հարակից է Արմավիրի մարզի Արգինա համայնքին,որն աշխարհագրական դիրքով ավելի բարձր է Արտենիից և գտնվում է ցրտահարության սպառնալիքի տակ: Լսելով գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի մասին Արտենի գյուղի բնակիչ Մանվել Սահարյանը շտապել էր ապահովագրել  21 տարեկան ծիրանի այգին: Այգեգործը գնահատել էր ռիսկերը, նախալեռնային գոտում ծիրանի այգիները պաշտպանված չեն ցրտից ու  կարկուտից: Գնացել էր և տեղեկացել, որ Արտենիում ապահովագրում են միայն հրդեհի ու կարկտահարության դեմ, իսկ ցրտահարության դեմ ապահովագրությունը նախատեսված է միայն  Արմավիրի և Արարատի մարզերում.


«Ցրտահարության դեմ ապահովագրություն մենք չունեցանք, մենք շատ էլ դեմ ընկանք, նույնիսկ մարդիկ ուզում էին ոտի ելնեին: Դե, ընկնում ա նախալեռնային գոտի, Արգինան ունի ցրտահարության դեմ ապահովագրություն, Արգինան մեզնից ավելի հյուսիսային մաս ա ընկնում, բայց Արմավիրի մարզ ա: Մենք էլ դրանից ելնելով ուզում էինք, որ լիներ: Արգինայում հողեր կան, որ մեր Արտենիից անցնում ա դեպի հյուսիսային մաս, հասնում Արագածավան»:

Արտենի և Արագածավան համայնքներում ծիրանի այգիները շատ են, որտեղ բնակլիմայական պայմանների թելադրանքով բերքն ավելի քաղցր է և որակով, եթե եղանակը բարեհաճ է: Այս համայնքների այգիները երբեմն տուժում են ցրտահարությունից և գյուղացիները ցանկանում են, որ  այգիներն ապահովագրեն նաև ցրտահարության դեմ: Մանվել Սահարյանը ծիրանի այգին ապահովագրել էր հիդեհի ու կարկտահարության ռիսկից,  ապահովագրական  5 ծածկույթից ընտրել  ամենաբարձրը՝ 1 հա-ի հաշվարկով 1 200 000 դրամ, որի 50 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Մայիսի 3-ին այգին կարկտահարվել էր.

«Կարկուտը ժամը 4-անց կեսի կողմերն էր, համարյա 5-ն էր, քամախառը, սկզբից մի քիչ մանրոտ, հետո մեծցավ, ոնց որ ճիպոտեին ամբողջ այգին, ամբողջ թփերը սկսեցին փչանալ ու չորանալ, մինչև հիմա էլ ծառի վրա չորացած թփեր են»:

Ապահովագրող ընկերությանը տեղյակ էր պահել, որոնք եկել ու արձանագրել էին կարկտահրությունը, բայց վնասի գնահատումն իրականացվելու է ավելի ուշ:

Թեև Արտենիում այգիները հիմնականում վնասվեցին գարնանային ցրտահարությունից, բայց տեղ-տեղ ցուրտը շրջանցել էր, այդ թվում՝ Մանվելի այգին: Ասում է՝ լավ բերք էր ունեցել, ցրտահարությունից գրեթե չէր տուժել:

Հիմա  այգետերը սպասում է  ծիրանի հասունացմանը, որի ժամանակ կհաշվարկվի վնասի չափը: Գյուղատնտեսական ապահովագրության մեջ  10 տոկոսը չփոխհատուցվող գումար է: Արտենցի այգեգործների մի մասը տեղյակ չի եղել գյուղապահովագրությունից. «Ես չեմ տեսել գյուղապահովագրողներին, տեղյակ չեմ, չեմ էլ դիմել»:

Արտենիում ցրտահարությունը ազդեց բերքի վրա, իսկ տևական անձրևները սպառնալիք դարձան  ծառերին, որի ժամանակ գլուխ բարձրացրեցին  սնկային հիվանդությունները: Մոռանալով ցրտահարության ու կարկտահարության հասցրած վնասների մասին,  գյուղացիներն ուշադրությունը  սևեռվել էին  ծառերը պահպանելու վրա, որպեսզի հաջորդ տարին բերքատու լինի:  Անդրանիկ Հովհաննիսյան.

«Խելացի մասնագետներ են դեղ ծախողները, մենք պոկում տանում ենք ճյուղը, իրենք նշանակումներն անում են էդ բուժման համար, ծառերը լրիվ չեչոտել էր, լրիվ՝ տերևները, ցոգոլները»:

Հիմա ծառերը վերականգնման փուլում են, նորից սկսել են աշխատել, ինչն ուրախացնում է գյուղացուն. «Սնկային հիվանդություն էր, ծակոտկենն էր, բուժելուց հետո լավ է արդեն, նորմալացել է»:

«Բուժումներ ես 2 անգամ արդեն էրել եմ, դեմն առել եմ, իմ այգու համար եմ էրել: Ծառերը շատ խեղճացան, բայց նորից աչք ա բացել ծառը, նոր-նոր սկսել ա վերականգնվել»:

Ցրտահարության դեմ ապահովագրության  ինչպիսի ծրագրեր  կան, նախատեսվում է արդյոք ցրտահարության ռիսկի ապահովագրություն Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան համայնքներում՝ Ռադիոլուրի հարցին գյուղատնտեսությունը ապահովագրողների  ազգային գործակալություն հասարակական կազմակերպության կոորդինատոր, սպառողների շահերի պաշտպանության գծով պատասխանատու Շողեր Բարսեղյանը նշեց.

«Գյուղատնտեսական ապահովագրության սկիզբը դրվել է փորձնական ծրագրով, այսինքն՝ սա պիլոտային փուլ է,  և պիլոտային փուլում ուսումնասիրություններ են իրականացվել,  որոշվել է, որ պետք է ներդրվի հիմնականում այն մարզերում՝ գարնանային ցրտի ռիսկից ապահովագրությունը, որտեղ առկա է տվյալ ռիսկն ավելի շատ: Դրա համար ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերը, բայց առաջիկայում մեր միջազգային խորհրդատուների կողմից, մեր գործակալության  հետ համատեղ մշակվում է նաև այլ պրոդուկտների ներդրում, ինչպես նաև եղած պրոդուկտների, այդ թվում ծիրանի ապահովագրությունը գարնանային ցրտահարում ռիսկից նախատեսվում է իրականացնել նաև Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Արագածոտնի մարզում»:

2021թ-ից  ցրտահարության ռիսկի ապահովագրությունը հասանելի կլինի բոլոր մարզերում, ապահովագրության ժամկետը դեռ հստակ չէ, բայց նախատեսվում է սկսել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:

Back to top button