ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի վարակը՝ հարված նաև հուշարձաններին

Համավարակն իր հետքն է թողել նաև հուշարձանների պահպանության, ուսումնասիրության ոլորտներում։ Ըստ պատասխանատուների՝ լուրջ ցնցումներ չկան, բայց կա աշխատանքի դանդաղ ընթացք ու թվերի անկում, օրինակ, այցելուների  մասով։

Հուշարձանները քարից են, կորոնավիրուսով չեն վարակվում, բայց անմիջականորեն կրում են համավարակի հետևանքները։ «Թեև առանց լուրջ ցնցումների, բայց պահպանության ոլորտում էլ խնդիրներ ունենք»,-ասում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավար Արա Թարվերդյանը։

«Համավարակի առաջին խիստ ամիսներին խոցելի խմբի մարդկանց մենք հանեցինք աշխատանքային ընթացքից, իսկ նրանց աշխատանքն իրենց վրա վերցրին ավելի երիտասարդ ու առողջական խնդիրներ չունեցող աշխատակիցները։ Բայց ինչ է տեղի ունենում այդ ժամանակ, վերջինների աշխատանքի ծավալը զգալիորեն աճում է»,- ասում է Թարվերդյանը։

Այս իրավիճակում հսկողության որակի անկումն անխուսափելի էր, ասում է Թարվերդյանը։ Նրա խոսքով հուշարձանների պահպանության ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը սա էր, որը ժամանակի ընթացքում կարողացան շտկել։ Տարեց աշխատակիցներն իրենք էին դիմում և խնդրում, որպեսզի ներգրավվեն պահպանության աշխատանքներում։

Համավարակի ամենածանր  ազդեցությունն այս ոլորտում արտահայտվում է թվերով․ պատմաճարտարապետական հուշարձաններ այցելուների թիվն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6-7 անգամ։  Համավարակի ազդեցությունից զերծ չէ նաև հնագիտության ոլորտը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան․

 «Հիմա ինստիտուտում նստած մտածում ենք,  եթե սա ավելի երկար է տևելու, ապա հեռավար աշխատանքի սկզբունքներ մտածենք՝ շատ ավելի օպտիմալ տարբերակով աշխատելու համար»,- նշում է Պավել Ավետիսյանը։

Համավարակի սկզբնական շրջանում հնագետներին հեռավար աշխատանքը հեշտ չէր տրվում, բայց հետո  ընտելացան։ Այժմ անգամ հեռավար սեմինարներ են կազմակերպում։ Դաշտային հետազոտական աշխատանքների զգալի մի հատված դադարեցվել ու հետաձգվել է։ Հրատարակչական աշխատանքներն ընդհանուր առմամբ չեն տուժի, ըստ հնագիտության ինստիտուտի տնօրենի՝ նյութը հավաքվում է։

«Ինստիտուտում  չենք դադարել մշակել ծրագրեր և դիմել միջազգային դրամաշնորհների։ Այս տարի արդեն երկու մեծ ծրագրի համար  դիմել ենք, սպասում ենք քննարկումների փուլին։ Խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի ծրագրերի մասին է։ Դրանցից  մեկը կուղղվի հնակենսաբանական ուսումնասիրությունների մի մեծ ծրագրի, մյուսը՝ հուշարձանների վիրտուալ թանգարանի ստեղծմանը»,- ասում է Ավետիսյանը։

«Հնագետի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ եթե հինգ տարի շարունակ զբաղվենք մեր կուտակված նյութի ուսումնասիրությամբ, դարձյալ անելիք կունենանք, այժմ դրա վրա ենք ուղղորդում ջանքերը։ Հնարավորինս խուսափում ենք արտագնա և ներգնա հետազոտական աշխատանքներից»,-ասում է Պավել  Ավետիսյանը։

Չնայած սահմանափակումներին՝ որոշ հնավայրերում այժմ էլ  հնագիտական աշխատանքներ իրականացվում են՝ պահպանելով, իհարկե, պարետատան բոլոր պահանջները՝ դիմակ, ձեռնոց և այլն։

«Այսօր մենք պայմանավորվել ենք Դվինի արշավախմբի ղեկավարի հետ։ Դվինը պատմամշակութային արգելոց-թանգարան դարձնելու ծրագիր կա, որի շուրջ աշխատանքներ ենք տանում։ Մի քանի օր հետո կաշխատենք նաև Մեղրիում»,- նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։

Ոլորտը համակարգող նախարարության հետ միասին Հայաստանում արխեոպարկեր ստեղծելու ծրագիր են մշակում, այժմ ուսումնասիրում են այդ ոլորտում եղած միջազգային փորձը։

Back to top button