ԿարևորՔաղաքական

Ժխտողականությունը ապագա չունի. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի գլխավորությամբ, որին, ըստ տարածված տեղեկատվության, «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։

Այս տեղեկությունը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նկատելով, որ Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա: 

«Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: 

Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: 

Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը», ասել է խոսնակը։

Back to top button