ԿարևորՀասարակություն

Գրե՞լ են պարտավորագրեր, թե՞ ոչ․ ԲՀԿ–ի կրկնվող պատմությունը

Երեկվանից սոցցանցերում տարածվել եւ լայն քննարկումներ առարկա են  դարձել ԲՀԿ–ական պատգամավորների կողմից գրված պարտավորագրերը։ Դրանք հրապարակվել են նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ ԱԱԾ տարածած տեսանյութում։ ԲՀԿ-ական պատգամավորները հերքում են, որ նման պարտավորագրեր գրել և ստորագրել են։

Միայն ԲՀԿ մանդատով պատգամավոր դարձած Տիգրան Ուրիխանյանն է նշում, որ 2017-ին նման պարտավորագիր անձամբ գրել է՝ որպես «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության ղեկավար, պահել է պարտավորությունները,  եւ դա ճիշտ է համարում։  

Պատմությունը  հիշեցնում է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի մի խումբ պատգամավորների հետ կապված սկանդալը, երբ կուսակցության անցողիկ տեղերը զբաղեցնող  23 պատգամավորի անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել ԿԸՀ․ պատգամավորներից 12-ը հայտնել էին, որ տեղյակ չեն իրենց անունից ներկայացված դիմումների մասին։   

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի ձեւավորման գործընթացն առանց սկանդալների չանցավ։

Պարզվել էր, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում անցողիկ տեղերում գտնվող թեկնածուներից 23-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ Թեկնածուներն ասում էին, որ տեղյակ չեն, թե ինչպես են իրենց ինքնաբացարկի դիմումները հայտնվել ԿԸՀ-ում։

Նրանցից 12-ը, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահանջեցին իրենց անունից տրված դիմումները չեղարկել և իրենց պատգամավորի մանդատ տալ: Ոմանք նշեցին, որ մամուլից են իմացել իրենց անունից ԿԸՀ-ին դիմում ներկայացված լինելու մասին։ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից գործարար Խաչիկ Մանուկյանն էլ, անգամ, ԿԸՀ նախագահին խնդրեց ցույց տալ իր ինքնաբացարկի դիմումը։  

2017-ին մանդատ ստացած Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ ինքնաբացարկի մի դիմում գրել է, որը, սակայն, վերաբերել է մինչեւ ընտրությունների օրն իր թեկնածությունից հրաժարվելուն։

Այդպես, 2017-ի ընտրություններում ԿԸՀ-ից մանդատ ստացան «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ ներկայացրած 23 թեկնածուներից 12-ն ու խորհրդարանը ձեւավորվեց։

Սերգեյ Բագրատյանը նաեւ 7-րդ  գումարման ԱԺ  պատգամավոր է։ Հիմա էլ  նրա ու այլ ԲՀԿ–ականների անունները շրջանառվում են  համանման մեկ այլ պատմության շրջանակում։ Խոսքը ստորագրությամբ ու երդումներով  ստանձնած պարտավորությունների մասին է։ Այդ փաստաթղթերը հասանելի են դարձել  ԱԱԾ տարածած հաղորդագրությունից և երեկվանից շրջանառվում ու քննարկվում են սոցցանցերում։ Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է դրանց՝ ՖԲ-յան իր էջում  կատարելով հետեւյալ գրառումը.

«Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրեւ թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան…»,- գրել է Սերգեյ Բագրատյանը։

Նույն թեմային անդրադառնալով՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր մասով գրել է, որ տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է.

«Ես չգիտեմ դա  ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ»,- ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ի մանդատով պատգամավոր դարձած Տիգրան Ուրիխանյանն իր հետ կապված գրության մասով ՖԲ-յան իր էջում երեկ գրել էր, որ ԱԱԾ-ի հրապարակած գրության ու ողջ երևույթի մասով բացահայտումներ կանի։ Այսօր էլ խորհրդարանում ներկայացնելով ու պարզաբանելով 2017-ին իր ձեռքով գրվածը՝ հռետորական հարց ուղղեց.

 «Այսինքն, էս փաստաթուղթը իրավունք ունե՞ր էդտեղ տեղ գտնելու»։

Պատգամավոր դառնալու հետ կապված, այսպես ասենք, պարտավորագրերի մասին մեր հարցին ի պատասխան քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախ շեշտեց, երևույթը   քաղաքական տեխնոլոգիայի հետ որեւէ կապ չունի, ապա հավելեց.

«Երբեք չեմ համարի, որ քաղաքական է, եթե նման գործեր բացվեն Սամվել Ալեքսանյանի եւ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակի) նկատմամբ, որի վրա, ի դեպ, կար ձայնագրություն դեռ երկու տարի առաջ։ Եվ էլի շատ շատերի։ Ես չպիտի ասեմ, շատ լավ գիտեն ում մասին է խոսքը»։

Back to top button