ԿարևորՀասարակություն

Այսօր Սբ. Էջմիածին Մայր Տաճարի հիմնադրման տոնն է. օծվել և վերատեղադրվել է Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը

Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին և ոսկե մուրճով ցույց տվեց այն տեղը, որտեղ պիտի կառուցվեր Իր լուսախորանը: Հենց այդտեղից պիտի բաշխվեր կենսատու Լույսը, որը պիտի լուսավորեր ամբողջ աշխարհը:

Qahana. am-ը, վկայակոչելով Ագաթանգեղոս պատմիչին, գրում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Պատմիչները մոտավորապես 9 ազգեր են հիշատակում, որոնք քրիստոնեական մեծ հաղթանակի և հարության հույսով են տոգորվել՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և Սուրբ Էջմիածնից ծագող լույսով:

Հայաստանում քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո, մայրաքաղաքին կից, Մայր Աթոռի կառուցման աշխատանքներ են ընթացել: Այդպիսով, այն դարձել է բոլոր եկեղեցիների մայրը, և հայ եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանությունն ու աթոռանիստ վայրը տեղակայվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Բազմաթիվ են տաճարներն աշխարհում, սակայն բոլոր տաճարների նախահիմքը Սուրբ Էջմիածինն է: Այն աշխարհում երբևէ հիմնված տաճարներից առաջինն է: Սա մի շրջան էր, երբ աշխարհում բացի հայերից դեռևս ոչ մի ազգ չէր ընդունել քրիստոնեությունը:

«Սուրբ Էջմիածնի տոնի մեջ որպես հավատացյալներ պիտի տեսնենք բոլոր եկեղեցիների հիմնադրման ցնծությունը: Այն տեղը, որ Աստծու համար էր նախատեսված, այժմ դառնում է մեր և Աստծու ժամադրության վայրը: Եվ թող Սուրբ Էջմիածնի տոնը առիթ հանդիսանա մեզ համար՝ խորհելու Եկեղեցի գաղափարի մասին՝ թե՛ որպես քրիստոնյա, թե՛ որպես հայ»։

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:

Տոնի բերկրանքը հավելվել է մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը: Այսօր Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։

Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվել է խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծել է այն։

Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։

Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվել է Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվել է և տեղադրվել տաճարի գմբեթին։

Back to top button