Ծովահայեր

Հիդրոհնագիտության հայ հիմնադիրը. Ռուբեն Օրբելի. «Ծովահայեր»

Ստորջրյա հնագիտությունը Հայաստանում դեռ չշոշափված գիտության ճյուղ է, աշխարհում՝ մեծ առաջընթաց գրանզող ուղղություն: Այնինչ՝ աշխարհում օվկիանոսագիտության, ստորջրյա հնագիտության առաջամարտիկները մեր հայրենակիցներն են:

Ռուբեն Աբգարի Օրբելի, Օրբելի եղբայրներից ավագը, Խորհրդային միության հիդրոհնագիտության հիմնադիրն է:։

Ռուբեն  Օրբելու մասին պատմում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը։

2016 թվականն էր, ընկերներիս՝  Ռաֆայել Մկրտչյանի և Իվան Գաբրիելյանի հետ պատրաստվում էինք  փնտրել  Խորհրդային Միության տարիներին Սևանում խորտակված բեռնատար նավը։

Ուղևորվում ենք սուզվելու այնտեղ, որտեղ Ռաֆայելնն արդեն Կարեն Բալայանի հետ սուզվել և տեսագրել էր նավը։ Թվում էր,  թե ամեն ինչ հարթ է ընթանալու, նավը գտնված է, տեղը՝  հայտնի։ Սակայն Սևանն  այս անգամ անբարեհաճ էր,  իր ջրային գանձերը մեզանից թաքցրեց։  Նույն տարածքում սկսեցինք փնտրել մինչև թթվածնի վերջին շունչը,  ոչինչ չստացվեց:

Հոգնած ու հիասթափված վերադարձանք ճամբար։

  Երեկոյան խարույկը, համեղ ընթրիքն ու իմ սիրած երաժշտությունը,  բանակից արձակուրդ և ինձ օգնելու եկած եղբորս կատարմամբ չօգնեց հանգստանալ, չեմ համբերում մինչև լուսանա, որոշում ենք՝  գիշերն էլ սուզվել։  Չնայելով հետզհետե բարձրացող ալիքներին՝ սուզվեում ենք։   Գուցե այս անգամ բախտերս բերի և նավի ուրվականը ավելի տպավորիչ լինի գիշերով։ 

Լճի հատակին «նավ ուրվական»-ը տեսնելու  երազանքներով տարված՝ սկսում եմ մտածել խորհրդավոր կադրեր նկարելու մասին։ Բայց… այդպես էլ մնում է երազանք, թթվածինը վերջանում է, լիճն ալեկոծվում։  Ջրից դուրս գալը մեծ ռիսկ է։ Աշխատելով հնարավորինս քիչ վնասվել՝ մի կերպ ափ ենք դուրս գալիս ու զարմանում՝ հավաքված բազմություն տեսնելով։  Տեղի բնակիչներն էին, մտածել էին, թե գանձ ենք գտել, դրա համար էլ գիշերով ենք սուզվել։

 Այս անգամ էլ ոչինչ չստացվեց։  Միակ մխիթարությունը սարերից ելնող ու դեպի Սևանա լիճ շտապող լուսնի տեսարանն էր ու ալիքների ճողփյունը։  Սկսեցի երազել, որ կգա ժամանակ, երբ մեր երկրում էլ զարգանա ծովային կամ ստորջրյա  հնագիտությունը, ինչն  աշխարհում մեծ արագությամբ առաջ է ընթանում։  Այնինչ՝ աշխարհի գերտերություններից մեկի՝ Խորհրդային Միության ստորջրյա հնագիտության կամ հիդրոհնագիտության առաջամարտիկը հե՛նց  մեր հայրենակիցն է՝ Ռուբեն Օրբելին, Օրբելի եղբայրներից ավագը։

Ստորջրյա հնագիտությանը վերաբերող հսկայական գրականություն և արխիվային նյութեր է ուսումնասիրել Ռուբեն Օրբելին։

Հին հունական ու հռոմեական երկեր կարդալիս, եթե հանդիպենք օրինակ՝ «ուրինատոր», «Կուլումբետես» տերմիններին, կամ, «Ոդիսական»-ում հանդիպենք օրինակ՝ «առնեուտեր» և  «կուբիստետեր» տերմիններին, դժվար թե մեզ որևէ բան հուշի։ Օրբելին պարզել է, որ այս տերմիններով էին հին հույներն ու հռոմեացիները բնութագրում սուզորդներին։ 

Ռուբեն Օրբելին խոշորացույցի և հայելու օգնությամբ ուսումնասիրել է Լեոնարդո Դա Վինչիի բնագրերը: Նա գրում է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը:

1934-թ.-ին Ռուբեն Օրբելիին հրավիրում են աշխատելու հայտնի «ЭПРОН»-ի՝  Հատուկ նշանակության ստորջրյա արշավախմբի  կազմում, որտեղ նա զբաղեցնում է գիտական խորհրդատուի, գիտական և տեխնիկական խորհրդի անդամի և պատմագրագետի պաշտոնները, և ձեռնարկում ջրասույզ հնագիտական հուշարձանների փնտրտուքը՝ պատմական աղբյուրներում:

1937թ.-ին Ռուբեն Օրբելին ձևավորում է առաջին ստորջրյա արշավախումբը և աշխարհում առաջին անգամ ջրասուզական կազմակերպությունը դառնում է գիտության դրոշակակիրը։ Ծնունդ է առնում պատմական գիտության նոր ճյուղ`ստորջրյա հնագիտություն կամ հիդրոհնագիտություն:

1937-39 թթ. նրա անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են հիդրոհնագիտական գիտարշավներ Սև ծովում և Խորհրդային Միության ջրային այլ ավազաններում։  

Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերում են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում,  հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում:  1939 թ.-ին արշավախումբը Բուգ գետից  հանում  է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ: 

Օրբելին տալիս  է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկում  հնագույն իրերը  ջրից  հանելու և պահպանելու եղանակներ:

Ռուբեն  Օրբելու կայնքն ավարտվում է 1943 թ.-ին։  Պրոֆեսորին հուղարկավորում են Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

 Երկրորդ աշխարհամարտի բռնկումը և Ռուբեն Օրբելու մահը Խորհրդային Միությունում  երկար ժամանակով դադարեցնում  են հետազոտությունները ստորջրյա հնագիտության ոլորտում:  Ռուսաստանում  հիդրոհնագիտության զարգացման նոր փուլը սկսվում է 1950-ականների կեսերից և մեծ զարգացում ապրում մինչև մեր օրերը։

 Իսկ Հայաստանում այդպես էլ ստորջրյա հնագիտությունը մնում է երազանք։

Back to top button