Ստարտափ Հայաստան

Մոսկվայից հայրենիք վերադարձած երիտասարդ աղջիկը համավարակի օրերին իր երկրորդ բիզնեսն է բացել Հայաստանում․ «Ստարտափ Հայաստան»

Ամբողջ աշխարհում վաղուց, իսկ Հայաստանում դեռ նոր-նոր սկսել են ընդունել այն միտքն, որ կանայք կարող են բիզնես ունենալ, մեծ-մեծ գործերից չվախենալ և այդ ամենի տակից պատվով դուրս գալ։

Քիչ ենք խոսում այն մարդկանց մասին, որոնք ոչ թե արտագաղթել են և դրսում հաջողությունների հասել, այլ վերադարձել են հայրենիք և ապացուցել, որ ամեն տեղ էլ կարելի է բիզնես ստեղծել։

Մեր մեծերն իզուր չեն ասում՝ մարդու մտքին տեղ լինի։
Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ։ Լիլիթ Բարսեղյանն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Երկու տարի շարունակ ծանր ու թեթև է արել, գնա՞լ Հայաստան, թե մնալ Մոսկվայում։

Հարյուրավոր պատմություններ լսած կլինեք այն մասին, որ մեր սիրելի հայրենակիցները վերադառնում են Հայաստան, սակայն չեն կարողանում իրենց ուզած աշխատաքը գտնել, և այդ պատճառաբանությամբ նորից բռնում են օտարություն տանող ճանապարհը։

Բայց դե համակարգը ջարդողներ, հոսանքին հակառակ գնացողներ ու կարծրատիպեր կոտրողներ լինում են։

Լիլիթը սկզբից սկսել է կոսմետիկայի վաճառքով զբաղվել։ Հետո հասկացել է, որ ստացվում է ու կամաց-կամաց խանութ բացելու մտքին է եկել։

Հաջորդ քայլը թիմ հավաքելն էր։ Սկզբում նրան ասել են, որ Հայաստանում դժվար է թիմ հավաքել, հատկապես կանանց պարագայում, բայց այս հարցում էլ է կարծրատիպ կոտրել։

Պատահաբար գտել է Դիանային, պարզվել է բարեկամներ են, աղջկան առաջարկել է համագործակցել, այդպես մեկ երկու ու հավաքվել է թիմը։

Դիանայի պարտականությունները թիմում SMM-ով զբաղվելն է։ Սկզբում ոչնչից գլուխ չի հանել։ Տեսել է, որ Լիլիթը լավ բան է մտածել, որոշել է միանալ։

Կարճ ժամանակահատվածում աղջիկներից բաղկացած թիմը վազելով, այդ ընթացքում լիքը կարծրատիպեր կոտրելով առաջ է գնացել։

Նման պատմություններ լսելիս ամենակարևոր հարցը որ գալիս է մտքիդ այն է, թե` լավ, բա ինչպե՞ս ստացվեց իրենց մոտ, այդ ինչպե՞ս եղավ, որ երիտասարդ աղջիկը Մոսկվայից վերադարձավ ու կարճ ժամանակահատվածում նկատելի հաջողություններ գրանցեց։

Թե՛ Լիլիթը, և թե՛ Դիանան անկեղծանում են և ասում, թե որտեղ է թաքնված իրենց հաջողության գաղտնիքը։

Համավարակ։ Համավարակով պայմանավորված արտակարգ դրություն։ Բիզնես ունեցող մարդկանց համար լավ ժամանակներ չեղան, բայց այս պարագայում էլ Լիլիթի բիզնեսը հնարավորինս քիչ տուժեց ու աղջիկն ապացուցեց, որ ոչ միայն չի տուժել այլև հենց այդ ընթացքում էլ մի նոր բիզնես գաղափարի է կյանք տվել։

Դիանան ասում է, որ շապիկների տպագրությունն այնքան երկար ժամանակ է եղել իրենց մտքերում, որ արդեն ամոթ էր բիզնեսով չզբաղվելն, այդպես համարձակորեն հաղթահարել են դժվարին պահը ու հաջողել։

Փաստորեն Հայաստանում եղան մարդիկ, ովքեր ոչ միայն չկորցրին իրենց բիզնեսն, այլև մեկ ուրիշը ստեղծեցին։

Լիլիթը չի վախեցել համավարակի հետ կապված խնդիրներից, սառն է դատել ու անցել գործի։

Շուտով, երբ այս ամենն աավարտվի, մենք նորից կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իրար պատմելու շատ բան կունենանք։
Ամենաօգտակարը, թերևս կլինեն այն պատմություններն, որոնք հաղթանակների մասին են։

Տարբեր երկրներից տարբեր մարդիկ կսկսեն պատմել իրենց պատմությունը, իրենց բիզնեսների ճակատագրի մասին կխոսեն և այս պարագայում էլ մենք հետ չենք մնա աշխարհից, շնորհիվ մեր երիտասարդների, մենք էլ աշխարհին կպատմենք, որ համավարակի օրերին հնարավոր էր ոչ միայն ունենցած բիզնեսը պահել, այլև մեկ ուրիշն ստեղծել և հաջողել։

Մանրամասն լսեք հաղորդման մեջ։

Back to top button