ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հակահայկական բողոք Բեյրութում․ Լիբանանում աշխուժանում է թուրքական գործոնը

Լիբանանի փողոցներում երեկ տեղի ունեցած հակահայկական բողոքի գործողությունը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը դիտարկում է միջինարևելյան տարածաշրջանում և մասնավորապես Լիբանանում թուրքական գործոնի աշխուժացմամբ։

Հունիսի 11-ին լիբանանցի ներկայացած անձը whatsapp-ի միջոցով  սպառնալիքներ է  ուղղել «Ալ Ջադիդ» հեռուստակայանի  հայազգի հայտնի լրագրող  Նշան  Տեր֊-Հարությունյանի հասցեին՝ վերջինիս անվանելով՝  գաղթական և օտար։

Նշանը  հակադարձել է՝ պատասխանելով․  «Էրդողանը, Թուրքիան և օսմանները նենգ են»։  Նշանի հեռուստատեսային հաղորդումից հետո, ագրեսիվ տրամադրված  տասնյակ մարդիկ  դուրս են եկել փողոց և սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին։

Շահան Գանդահարյանը «Ռադիոլուրի» հյուրասրահում տեղեկացրեց, որ հայկական համայնքը իրավապահ մարմիններին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին։ Այժմ ոչ միայն տեղի հայերից, այլև լիբանանցիներից կազմված փաստաբանական խումբ է աշխատում․ տեղի ունեցածին կտրվի իրավական ընթացք՝  ատելություն սերմանող հռետորաբանություն օգտագործելու  միջհամայնքային թշնամանք սերմանելու հիմքով։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը փաստում է՝ ստեղծվել է նոր իրավիճակ, Անկարան Լիբանանում իր ազդեցության ուժեղացման տեսանկյունից որոշակի ճանապարհ է անցել՝ հեռահար նպատակ ունենալով երկրում դառնալ լուրջ քաղաքական գործոն։

«Դավադրական, սադրիչ քայլերի կրկնություն թույլ չտալու համար լիբանանահայ քաղաքական միտքը լուրջ անելիք ունի»,-ասում է նա։

Back to top button