ԿարևորՄտքերի խաչմերուկ

Պիկն ուր որ է՝ կանցնենք. «Հայացք Գյումրիից»

«Եթե վարակի տարածումը հավասարեցնում ենք  պատերազմական իրավիճակին, ապա պետք է գործարկենք ողջ հանրապետության ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից և միմյանց նկատմամբ առկա վերաբերմունքից՝ հետապնդելով մեկ ընդհանուր նպատակ»,- նշում է տնտեսագետ, «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը՝  անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին և  դրանց վերաբերյալ իշխանության քննադատների քաղաքական կոչերին։

Նրա համոզմամբ՝ այս հարցը չի կարող դառնալ քաղաքական շահարկումների առարկա․ «Եթե փոխադարձ հանդուրժողականություն չկա, և ամբողջ էներգիան սպառվում է քննադատության մթնոլորտում, լուծումներ չեն լինի»,- վստահ է Կարեն Ավագյանը։

Տնտեսագետը կարծում է, որ այս պահին կորոնավիրուսի վարակը գտնվում է պիկին, և առաջիկայում դինամիկան կլինի նվազման ուղղությամբ։ «Պիկը ուր որ է՝ կանցնենք»,- նշում է նա։ Համոզված է՝ կորոնավարակը ակտիվ տարածվել է անգամ խիստ լոքդաունի պայմաններում։

«Իմ սուբյեկտիվ  կարծիքով՝ անգամ լոքդաունի պայմաններում, երբ տնտեսությունը փակված էր, վարակը շարունակվում էր տարածվել։ Թեկուզ նույն վաճառակետերի միջոցով, քանի որ վերահսկողությունն այն խստության չէր, որ կարող էր լինել։ Պետք է հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտանիքի  մեկ անդամ գրեթե ամեն օր դուրս է եկել գնումների»,- ասում է Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝  այդ ժամանակ վարակի մասշտաբները հնարավոր չէր բացահայտել օջախային թեստավորումների միջոցով, ու եղել են թաքնված  օջախներ։ Այժմ, նրա հաշվարկով, հաշվի առնելով ասիմպտոմ դեպքերը, կարող ենք ունենալ  բնակչության ընդհուպ մինչև 20-40 տոկոսի վարակվածություն։

«Գիտենք, որ կարելի է վարակը տանել ասիմպտոմ։ Հնարավոր է այդքան մարդ վարակվել և բուժվել է, և հակամարմինների առկայության թեստերը կկարողանան պարզել պատկերը։ Դա անելու դեպքում կարող ենք ունենալ ընտրանքային վիճակագրություն, թե որ մարզում ինչ իրավիճակ է, որ մարզը ավելի մեծ իմունիտետ ունի և կարող է վերսկսել լիարժեք աշխատանքային գործունեությունն ու նոր արդյունքներ գրանցել»։

Ցուցադրել ավելի
Back to top button