ԿարևորՏնտեսական

Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում ՀԱԷԿ-ի համար տրված ռուսական վարկի մի մասից

Հայաստանը հրաժարվում է Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար ռուսական վարկի մի մասից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական վարկն իր պայմաններով այնքան էլ հարմար չէ։

Կառավարությունը որոշել է այդ նպատակի համար բյուջետային վարկ տրամադրել ՀՀ պետական բյուջեից։ Գործադիրում կարծում են, որ տարիներ շարունակ ԱԷԿ–ից ավելի շատ վերցրել են, քան տվել, ժամանակն է պատասխանել ատոմակայանի անշահախնդիր օգնությանը։

Փորձագետները, սակայն, նույնքան լավատես չեն ու տարակուսում են՝ եթե ներքին միջոցների հնարավորություն լիներ, ապա դրանք վաղուց գտնված կլինեին։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև երկու պայմանագիր է կնքվել՝ 2014 թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015 թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը 300 մլն ԱՄՆ դոլար էր տրամադրելու, որից 270 մլն ԱՄՆ դոլարը՝ վարկ և 30 մլն ԱՄՆ դոլարը՝  դրամաշնորհ:  Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ` մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5  մլրդ դրամ, եւ 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ»,- ասաց Պապիկյանը: 

Նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը՝ վստահեցրեց նախարար Պապիկյանը:

 «Միաժամանակ, տրամադրվող վարկային միջոցների նպատակային եւ արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է  հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքները պատշաճ, ժամանակին ավարտելու համար»,- հավելելց նախարարը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով՝ ասաց.

«Մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար եւ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու եւ, ըստ էության, ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումի՞ց է պետք գնումներ իրականացնել, ինչպե՞ս է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ համոզված է.,  որ այս մոտեցումը տալու է տեմպ աշխատանքներին, որոնց արդյունքում էլ լինելու է ինքնարժեքի նվազում, ինչը հնարավոր չէր ռուսական վարկի պարագայում։      

 «Էս ազատությունը նաեւ տալիս է տեմպ, որն իր հերթին տալիս է օր առաջ ինքնարժեքի կրճատման էֆեկտների ստացում»,- ընդգծեց Գրիգորյանը։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել.

 «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձեւակերպված է նախարարի առաջ, որը պետք է միանշանակ կատարվի»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Առաջին անգամ հայրենի կառավարությունը գումար է ներդնում Ատոմակայանում՝ այս հանգամանքը դրական գնահատեց Ատոմոկայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Նա կիսեց վարչապետի դիտարկումը՝ նկատելով, որ ատոմակայանը միշտ առանց շահույթի օգնել է էներգոհամակարգին՝ տարիֆը մեղմելու համար։ Նկատեց նաեւ, որ պետական բյուջետային վարկի վերադարձնելիությունն էլ ավելի երկար ժամկետով է, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ տարիֆի վրա։  

Մեզ հետ հեռախոսազրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարակուսանք հայտնեց՝ ասելով, որ մեկ տարի առաջ 2-րդ էներգաբլոկի հետ կապված մասնագետների խմբի կողմից մշակված ծրագիրն  անձամբ է ներկայացրել վարչապետին։ Մասնագիտական կարծիքները, սակայն, շարունակվում են անտեսվել կառավարության կողմից՝ ասաց։

Հարցը դիտարկելով  աշխարհաքաղաքական, մասնագիտական եւ տնտեսական հարթություններով՝ տնտեսագետն ասաց.

«Կարծում եմ, որ ինքնին հասկանալի է՝ ինչ խնդիրներ է հարուցում նման քայլը։ Սահմանափակ թվով երկրներ կան, ում հետ այդ խնդիրը կարելի է իսկապես ռազմավարական տեսանկյունից նաեւ դիտարկել եւ սա եւս բազմաթիվ հարցականներ է առաջացնում։ Կառավարության անդամները գուցե ունեն նաեւ ա՞յս հարցականների պատասխանները, բայց ինձ եւ բազմաթիվ քաղաքացիների համար տարակուսանք է սա առաջացնում»,- ասաց Մանասերյանը։

Արդեն առնվազն 20 տարի ուղիներ են որոնվում 2-րդ էներգաբլոկի շինարարության համար եւ եթե նման աղբյուրների հնարավորություն կար, ապա վաղուց այդ  միջոցները գտնված կլինեին։ 

Երեկ արդեն հայտնի էր այս որոշման մասին եւ խորհրդարանում նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այն պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակով։

 «Ոչ, ոչ։ Դա որեւէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Մեր հարաբերությունները կայուն-ռազմավարական-գործընկերային են, բայց միեւնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա։ Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կա՛մ սպառման փուլում են եղել, կա՛մ  սպառվել են եւ այս փուլում ավելի շահեկան մեր երկրի համար գտել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ եւ լուծել մեր առաջ ծառացած խնդիրը»,- վստահեցրեց Պապիկյանը։

Նախարար Սուրեն Պապիկյանը նաեւ շեշտեց, որ աշխատանքները պատշաճորեն շարունակվելու են, պայմանագրերն առկա են եւ դրանք ավարտին է հասցնելու հենց նույն ռուսական «Ռոսատում» ընկերությունը։

Back to top button