ԿարևորՀասարակություն

Հայաստանի օգնելու համար Վրաստանում սկսված ստորագրահավաքը հասել է նպատակին

Վրաստանում Հայաստանին օգնելու համար սկսված ստորագրահավաքը հասել է նպատակին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց gopetition.com կայքում Հայաստանին օգնելու կոչով ստորագրահավաքը նախաձեռնողներից Սանդրո Չումաշվիլին՝ նշելով, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին։

gopetition.com կայքում ստորագրահավաքը բաց է եղել ընդամենը մեկ օր, որին միացել են Վրաստանի մոտ 500 քաղաքացիներ։

Հայաստանին օգնության ձեռք մեկնելու առաջարկին, ըստ Չումաշվիլիի, Վրաստանում տարբեր կերպ էին մոտենում։

«Կային մարդիկ, որոնք անհանգստանում էին հատկապես հիվանդներին Վրաստան տեղափոխելու առումով, մյուսներս էլ ուզում էինք ուղղակի օգնել հարևան Հայաստանին, որտեղ համավարակի առավել մեծ բռնկում կա։ Կարծում եմ՝ սա ճիշտ քայլ է հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից», -ասում է 18-ամյա պատանին, որ երկու տարի սովորել է Դիլիջանի UWC միջազգային դպրոցում։

Վրացի հասարակական ու քաղաքական բազմաթիվ գործիչներ են միացել Հայաստանին օգնելու կոչին այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»։

Վիրահայերը ևս օգնության ձեռք են մեկնում Հայաստանին՝ «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» ակցիայի շրջանակներում թթվածնային սարքեր ու պաշտպանիչ դիմակներ ուղարկելով Հայաստան։

Back to top button