ԿարևորՀասարակություն

Շուտով կմեկնարկի Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Քաշաթաղի հարավային թև։

Ֆեյսբուքի իր էջում Հարությունյանը տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։

«Շուտով կյանքի կկոչվի նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը։ Այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին: Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով»,-գրել է Հարությունյանը։

Հադրութում գարու բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ առաջիկայում ոչ միայն կկարողանան լուծել Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության հարցը, այլև այն բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսվել է։

Նոր կառուցվող ճանապարհը կլինի Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհը. Վարդենիս-Մարտակերտ, Գորիս–Ստեփանակերտ ճանապարհներից բացի, Արցախը Հայաստանի հետ կկապվի նաև Կապան–Հադրութ ճանապարհով։

Back to top button