ԿարևորՄշակույթ

Արցախի օդանավակայանի առաջին «թռիչքը»՝ Կաննում

1965- ին առաջին անգամ Խորհրադային Հայաստանի ֆիլմը՝ Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխը» հավակնեց ունենալ Կաննի Ոսկե արմավենի։ 55 տարվա դադարից հետո Հայաստանի անունը նորից Կաննում է։

«Ոսկե տեսախցիկ» անվանակարգին է հավակնում ֆրանսիահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Fall) ֆիլմը։ Լիամետրաժ էկրանավորումը Արցախում ապրող մարդկանց մասին է։

–Բարև…,– ֆրանսերենով ասում է Ալենն ու նայում երկու ձեռքերին ջրով լի շիշ ունեցող տղային՝ Արցախի օդանավակայանի ֆոնին։

Սա Արցախի մասին պատմող ֆիլմի այն 27 վայրկայնների նկարագիրն է, որ դեռ հասանելի է։

«Ֆիլմը պատմում է ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որը միջազգային կառույցների կողմից Արցախի իշխանությունների հրավերով ժամանում է Արցախ, որպեսզի աուդիտ անցկացնի Ստեփանակերտի օդանավակայանում։ Ֆրանսիացին գալիս է մի տեղ, որ մինչ այդ իր համար տարածք էր, ուղղակի տարածք։ Հետո այն դառնում է տեղ, որտեղ կա երկիր, ժողովուրդ, մարդիկ, ճակատագրեր»,– ասում է ֆիլմի երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանը։

Ֆրանսիացի աուդիտորի աչքերով բացահայտված երկիրը գրավել ու հետաքրքրել է Կաննում, որտեղ ֆիլմը գնում է պատմելու Արցախի մասին՝ հողի, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում, ծնվում ու մահանում։

Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիմը երեք երկրի` Հայաստանի, Բելգիայի ու Ֆրանսիայի համատեղ աշխատանքն է։

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում՝ 2018-ի օգոստոս–հոկտեմբեր ամիսներին։ Նկարահանումների 33 օրվա ընթացքում եղանակն օգնել է խմբին այնպես, ինչպես սովորաբար խանգարում է կինո նկարելիս.

«Հաճելի տարօրինակություն էր. 33 օրվա մեջ մենք շատ վաղուց նկարահանումներից առաջ ինչպես պլանավորել էի նկարահանման գրաֆիկը, դե բնականաբար տարբեր տեսարաններին տարբեր եղանակային պայմաններ են պետք։100 %–անոց ճշգրտությամբ  ունեցանք այդ եղանակները»,– հիշում է ֆիլմի երկրորդ ռեժիսորը։

Բարենպաստ եղանակային պայմանները ֆիլմի համար նաև բարեհաջող առաջին «թռիչք» են ապահովել՝ Արցախի օդանավակայանից դեպի Կանն։

Առաջին թռիչքից հետո վստահ են՝ հայկական այս կինոն համաշխարհային էկրաններին կմնա ու այլ երկրներում էլ վայրէջք կկատարի, միայն թե «Երբ որ քամին հանդարտվի»։

Back to top button