ԿարևորՄշակույթ

Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը՝ առցանց

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի համար հերթական անակնկալն է պատրաստել: Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 20:00-ին, 24 ժամյա հասանելիությամբ առցանց կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերայի համերգային կատարման տեսաձայնագրությունը:

Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ.-ի փետրվարի 17-ին՝ Հռոմի «Ապոլլո» թատրոնում։

Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Ջ. Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան 60 տարի ընդմիջումից հետո համերգային կատարմամբ ներկայացվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։

Գուստավ 3-ին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, Ռենատոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը:

Ամեյիայի դերում Աննա Այվազյանն է, Ուլրիկան՝ Ինգա Կարապետյանցը, Օսկարը՝ Սոֆյա Սայադյանը, Սամուելը՝ Հովհաննես Ներսեսյանը:

Թոմի դերում հանդես է գալիս Պողոս Բեազբեկյանը, Սիլվանոյի դերում՝ Աշոտ Ղանթարջյանը: Դատավոր, Ամելիայի ծառա՝ Միքայել Գրիգորյան:

Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը:

Back to top button