ԿարևորՀասարակություն

Հերթական կասեցումները Գյումրիի սպասարկման կետերում

«Ձեռնոց կրե՛ք». կտրուկ տոնով ինձ զգուշացրեց Գյումրիի թեյարաններից մեկի աշխատակիցը, երբ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների հերթական ստուգայցն էի լուսանկարում։

«Առանց դիմակ- ձեռնոցի ներս չենք թողնում, եթե ձեռնոց չունեք մենք ենք տրամադրում»։

Դիմակ, ձեռնոց, ախտահանիչ միջոց, ջերմաչափում, գրանցում և համապատասխան հեռավորության պահպանում․ սննդի սպասարկման կետերի պարտադիր պայմաններն են, փոքր ինչ թերանալու դեպքում տեսչական մարմինը ամենօրյա մշտադիտարկմանը կարձանագրի, պարետն էլ 24 ժամով կառույցի աշխատանքը դադարեցնելու որոշում կընդունի։ Այսօր 24 ժամով փակվեց Գյումրիի առողջարար խոտաբույսերի թեյարանը։ Մենեջեր Սահականուշ Խաչատրյանը համաձայն չէ պարետի որոշման հետ։

«Չկա մեր պես կարգ ու կանոն պահող, կտորե աթոռները ներսում ենք դրել ու չենք թողնում նստեն, որովհետև ամեն անգամ ախտահանելը խնդիր է։ Այդ արձանագրությունը, որի հիման վրա փակում են, սեղանների մոտ լինելու համար է։ Մենք ասեցինք, որ այդ օրը սեղանին ռեզերվ գրվածքը չենք դրել, բայց ինքներս ենք վերահսկել հեռավորությունը»,- ասում է մենեջերը։

Նա դժգոհեց, բայց Սննդի անվտանգության պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Արտուշ Հովհաննիսյանը չընկրկեց։

«Պարետի որոշումը ենթակա է կատարման, 24 ժամով պետք է կասեցվեր»։

Արդեն երրորդ շաբաթն է մշտադիտարկումներն առօրյայի հիմնական մասն են, ասում է Արտուշ Հովհաննիսյանը։

«Հանրային սննդի օբյեկտներում է հիմնականում մշտադիտարկումը, արտադրամասերում, շուկայում։ Հիմա կարելի է ասել, որ ավելի լավ վիճակում է, մեծամասամբ բոլորը պահում են պարետի կողմից սահմանված նորմերը»։

Շիրակի մարզում բոլոր կասեցումները տևել են 24 ժամ, արագ են շտկել ավելի երկարաժամկետ կասեցման խնդիր չի առաջացե,լ ասում է Արտուշ Հովհաննիսյանը։ Գյումրիի սրճարանների մշտական այցելուներն են, բայց առանց սուրճի, դիտարկում են, արձանագրում։ Ամեն օր նոր արձանագրություններ ու հետո էլ՝ նոր կասեցման որոշումներ։

Առջևում հանգստյան օրեր են, բայց ոչ ՍԱՏՄ-ի աշխատակիցների համար։

«Աշխատելու ենք, վերահսկողական աշխատանքները կատարելու ենք»։

1 օրում 30-40 հասցեներում են դիտարկումներ անում, որ հասարակությանը  սպառնացող վտանգը կասեցվի։ Վիճակը, սակայն, գրեթե անվերահսկելի է բանկերի մուտքերի առջև։ Այստեղ առաջինը խախտվում է սոցիալական հեռավորությունը, հետո մյուս նախապայմանները։    

Back to top button