ԿարևորՀասարակություն

Երախտագիտություն եմ հայտնում վրաց ժողովրդին` աջակցության ձեռք մեկնելու համար․ Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, իր երախտագիտությունն է  հայտնել վրաց ժողովրդին համավարակի դժվարի օրերին Հայաստանին աջակցելու համար։

«Վրաստանի սիրելի գործընկերներ,

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներին ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` Կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին:

დიდი მადლობა»,- գրել է նա։

Վրաստանի քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկել էին օգնել Հայաստանին։

Ինչպես ԱլիքՄեդիան է գրում, ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան:

«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է արել հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին. « Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:

Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրել է. «Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»:

Gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:

Back to top button