ԿարևորՀասարակություն

Դիմակը կրելու համար է, կողքը դրվածը չի օգնում․ ոստիկանները շարունակում են վերահսկողությունը

«Մեր համաքաղաքացիները օր-օրի ավելի աչալուրջ են դառնում»,- Ռադիոլուրին վստահեցնում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը։ 

Հալաբյան փողոցում տուգանվող վարորդն ընդունում է, որ ոստիկանները ճիշտ են՝ «իրենք իրենց գործն են անում, ես էլ եմ համամիտ, որ սենց անեն, ուղղակի էս մի քիչ ուրիշ պահ էր, բայց, դե իրենք ճիշտ են»։

Ոստիկանն էլ բացատրում է, որ համաճարակային վիճակ է, ու կա պարետի որոշում, որին պետք է հետեւել։

ՀՀ Ոստիկանության տրանսպորտի անվտանգության բաժանմունքի գլխավոր մասնագետ Հակոբ Բաղդասարյանը պատմում է, որ օր-օրի ավելի զգոն են դառնում մարդիկ։ Երբեմն լինում են, որ դիմակը կողքները դրած է, բայց չեն կրում, իրենց թվում է թե ապահով են, պատմում է։

«Մեկ ժամում 10 արձանագրություն եմ կազմել»,- ասում է  ոստիկանը։

Մեկ ժամում՝ 10, իսկ ամբողջ օրվա ընթացքում՝ մոտավորապես 800 իրավախախտման դեպք է արձանագրվել հանրապետությունում իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր արձանագրությունների թիվը հանրապետությունում՝ ըստ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տվյալների հասնում է 22 400-ի։ Ոստիկանության աշխատակիցները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ հանրապետության ողջ տարածքում։

Back to top button