ԿարևորՀասարակություն

Դիմակը՝ ոստիկանական գործողությունների գնահատական

Շատերը այսօր Հայաստանում հիշել էին ԱՄՆ–ում և հետո Մեքսիկայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել էին քաղաքացիներ և դա որպես հետևանք բերել էր իրավիճակի ապակայունացման։

Խոսքը համավարակի օրերին ոստիկանության կողմից պարետատների կողմից սահմանված կարգ ու կանոնին հետևելու մասին է։ Նմանատիպ մի տեսանյութ այսօր տարածվել էր համացանցում արդեն հայ ոստիկանների և քաղաքացու մասնակցությամբ։ Բայց սա միակ տեսանյութը չէ։ Օրվա ընթացքում տասնյակ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, որտեղ երևում են կարգազանց քաղաքացիները։

Սա որոշ դեպքերում դիտարկվում է որպես մարդու իրավունքների խախտում։ Սա արդեն քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա է, որտեղ օգտագործվում է նաև «տեռոր» ձևակերպումը։  

-Արա խեղդվա

Քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութը այսօր համացանցի հայաստանյան տիրույթում ամենատարածվողն է։  Մի կողմից ոստիկանությունն է, մյուս կողմից քաղաքացին, որ փողոցում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։

-Պատասխան եք տալու

Դիմակ չկրելու պատճառով և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար գետնին պառկացնելը, ձեռնաշղթա կիրառելը և բերման ենթարկելը ոստիկանապետ Արման Սարգսյանը դեռ չի շտապում գնահատել։ Կիրառված ուժի իրավաչափությունը և տեսագրությունը ոստիկանությունում դեռ կստուգվեն՝ խոստանում է։

Միաժամանակ հստակեցնում․ «Կներեք, հիմա կանխակալ դուրս չգա, որ առաջ ընկնելով ասում եմ իրավաչափ է՝ ճիշտ են անում։ Որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են կատարիր պարետի որոշման պահանջները։ Կներեք, մենք երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում։ Երբ ուժ չեն կիրառում, մեզ ասում են մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում՝ դիտարկում են բռնություն։ Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանության ծառայողը կպատժվի անմեղ մարդուն ձեր բառերով ասած նվաստացնելու, պատիվը արատավորելու ու նսեմացնելու համար»։  

Համացանցում շրջանառվող տեսանյութը այսօր դիտում էին նաև պատգամավորները՝ աշխատասենյակներում, միջանցքներում, անգամ ճեպազրույցների ժամին։ Իրողությունը հասկանալու համար «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանին չբավարարեց տեսածը․

«Ես մի պահը տեսա միայն, բայց չտեսա թե սկզբից ինչ է դրան նախորդել։ Շատ կարևոր է, թե ոստիկանության այս գործողությունը ինչից հետո է եղել։ Քաղաքացին ասում է՝ սպասեք գալիս եմ։ Ենթադրում եմ, որ բերման են ենթարկում։ Իսկ բերման են ենթարկում այն իրավիճակում, երբ նախորդել է բացատրական աշխատանք, դիմակ կրելու պահանջ, երբ այդ պահանջը չի իրականացվել՝ արձանագրություն։ Այս բոլոր գործողությունները նկարված չէ այս տեսանյութում։  Սա միայն տեսնելով մենք դատողություն չենք կարող անել։ Դիմակ չկրելը այսօր խախտում է կյանքի իրավունքը մեծ հաշվով։ Եթե ոստիկանությունը այստեղ գործողություն չպետք է իրականացնի, ապա այդ դեպքում եկեք ուրեմն որևէ համեմատություն չանենք Վրաստանի հետ, որովհետև այնտեղ այն խիստ գործողությունները, որ ոստիկանությունն էր իրականացնում, ուղղակի համեմատելի չեն մեր ոստիկանական գործողությունների հետ»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Նման իրավիճակների հրահրումը ծրագրված քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որը սկսվել է դեռ մարտից՝ կառավարության հրաժարականը հետագայում պահանջելու նպատակով։ Այդպես են կարծում խորհրդարանական մեծամասնության անդամները «տեղեկատվական տեռոր» անվանելով այն բոլոր կոչերը, որոնք ուղղված են դիմակ չկրելուն, այդ ուղղությամբ կազմակերպված քարոզչությունը և իրավիճակը ապակայունացնելու փորձերը։

Ընդդիմադիր դաշտում շրջանառության մեջ է դրվել մեկ այլ ձևակերպում՝ «հոգեբանական ճնշում»։ Այսպես են անվանում համացանցում հրապարակվող և տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ երևում են պարետատան կարգադրություններին չենթարկվող քաղաքացիները։

Էդմոն Մարուքյան․ «Նկարներ են հրապարակվել, որոնք այո, խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը։ Հիմա, եթե մեկի իրավունքը խախտվել է, նա ունի իրավունք՝ քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան և հայց հարուցելու։ Քրեական էլ կարող է լինել։ Կա հոդված՝ անձի մասին տեղեկություններ հավաքելը, պահելը և տարածելը»։

Գայանե Աբրահամյան․«Սա հանրային իրազեկում է և հանրային մոբիլիզացիայի կոչ։ Սա որևէ կերպ պախարակման համար չի արվում։ Սա պարզապես ֆիքսել է տվյալ իրավիճակը, թե ինչպիսի համատարած խախտումներ են տեղի ունենում»։

Գևորգ Գորգիսյան․ «Ֆեյսբուքյան գրառումները արդեն դուրս են եկել փողոց, հարգելիներս։ Արդեն ունենք դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու՝ նրան ծեծել են»։

Տաթև Հայրապետյան․ «Տեղեկատվական նման տեռորի պայմաններում, երբ հանրությանը ուղղակի կոչեր են անում՝ տարբեր մամլո ասուլիսներ կազմակերպելով, չկրել դիմակ, ինչ որ սահմանադրական իրավունքներ են մեջբերում՝ վտանգելով հանրային առողջությունը, ես չգիտեմ այդ մարդիկ որևէ ձև գիտակցո՞ւմ եմ, թե ինչ վնաս են իրենք հասցնում պետությանը։ Չեմ կարծում՝ որևէ մեծ ողբերգություն կլինի, որ մարդիկ երեք, չորս ամիս կամ միգուցե կես տարի մեծ միջոցառումներ չկազմակերպեն»։     

Մինչ իշխանական և ընդդիմադիր կողմերը քննարկում են նկարների և տեսանյութերի հրապարակելու արդյունավետությունը և թույլատրելիությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել պարետատան որոշումներին չենթարկվող քաղաքացիների լուսանկարները։ Դրանք բանկերի մոտ, բակերում, հանրային տրանսպորտում, դպրոցներում, հանգստի գոտիներում, պոլիկլինիկաներում արված լուսանկարներ են։

Հիմնական խախտումը դիմակ չկրելն ու սոցիալական հեռավորություն չպահպանելը։

Առաջիկայում, հավանաբար, վարչապետի էջում կշատանան «ընդհատակյա» հարսանիքներից լուսանկարներ։ Տեղեկություն կար, որ Ջրվեժի «Վիլլա» ռեստորանում հարսանիք էր կազմակերպվելու։

Back to top button