ԿարևորՀասարակություն

Առաջին դասարանցիներից ամենամեծը 66 տարեկան է, ամենափոքրը՝ 1. առցանց գրանցման զավեշտները

Մայրաքաղաքի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի փորձարկումը մեկ հիմնական նպատակ ունի` բոլոր երեխաների համար ապահովել դպրոցի ընտրության հավասար պայմաններ։ Ընդունելությունը մեկնարկել է հունիսի 1-ից։ Ծրագիրը մատչելի է և լուծվել են տեխնիկական բոլոր խնդիրները։ Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է գրանցել առցանց համակարգով։

6 տարեկան Արամն արդեն դպրոցական է։ Մայրը՝ Անի Ղուկասյանը չէր էլ պատկերացնում, որ տղայի դպրոց ընդունելությունը այդքան հեշտ ու արագ կստացվի։ Լսել էր, որ ընդունելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ են լինում և դա բավականին ժամանակատար է։

«Անյալ տարի, երբ դեռ տղաս դպրոց չէր հաճախում, լսում էի ծնողներից, որ դժվար է, խնդիրներ են առաջանում, գրանցումներ չեն ստացվում, բայց այս տարի, ամեն ինչ շատ արագ ու հեշտ ստացվեց։ Խնդիրներ չառաջացան, ծրագիրը մատչելի է, հասկանալի բոլորին։ Գրանցումը տևեց մեկից երկու րոպե, ինչի համար շատ շնորհակալ եմ» ։

Եվ իսկապես՝ տարիներ շարունակ Երևանում խնդիրներ են եղել առաջին դասարանցիների ընդունելության հետ կապված: Այժմ  ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ  նախկինում իսկապես խնդիրներ կային։ Դրանք թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ունեին։

«Նախորդ տարի մենք փորձեցինք այդ սուբյեկտիվ պատճառներից զերծ պահել համակարգը։ Դրանցից մեկը գործընթացի ոչ այնքան թափանցիկ լինելն էր։ Ծնողները չէին կարողանում տեսնել, թե տվյալ դպրոցում քանի առաջին դասարանցի է ընդունվել, լիցենզիայով սահմանված քանի տեղ կա։ Քանի որ անցյալ տարի ծրագիրը պիլոտային էր ու չկար օրենսդրական կարգավորում,  շատ ծնողներ բողոքում էին, որ արդեն ունեն դպրոցում սովորող երեխա, կամ աշխատում են տվյալ դպրոցում ու չէին կարողանում իրենց երեխային հայտագրել տվյալ դպրոց։ Դա բնականաբար դժվարություններ էր առաջացնում ծնողների համար»։

Այս խնդրին ևս լուծում տրվեց և այս տարի արդեն հանրակրթության մասին օրենքով սահմանվեցին համապատասխան առաջնահերթություններ այն ծնողների համար, որոնք դպրոցում սովորող երեխա ունեն, կամ տվյալ դպրոցի աշխատակից են։

Ըստ ժամանակցույցի՝ նրանք կհերթագրվեն հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Բոլոր մյուս երեխաների ընդունելությունը կմեկնարկի հունիսի 11-ից։ Եթե անցյալ տարի համակարգում տեխնիկական խնդիրներ կային, ապա դրանք ևս այս տարի լուծված են, հավաստիացրեց ԿՏԱԿ–ի տնօրենը։ 

«Եթե նախորդ տարի 3 քայլով էին կարողանում հայտագրել, ապա այս տարի այդ քայլերի թիվն էլ է պակասել․ ընդամենը երկու քայլով է տեղի ունենում հայտագրումը։ Եթե անցյալ տարի համակարգն ուներ չեղարկման ժամկետ, ապա այս տարի դա էլ չկա։ Հայտը չեղարկվում է միայն այն դեպքում, եթե ծնողը ստանալով պին կոդը մտնում է իր անհատական էջ ու չեղարկում է»։

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ եթե նախկինում ծնողներն էին ընդունելության ժամանակ խոչընդոտների ու խնդիրների հանդիպում, ապա այսօր տեղերով փոխվել են։ Այժմ էլ ծնողներն են իրենց անհամբերությամբ ու անտեղյակությամբ խնդիրներ առաջացնում համակարգում գրանցվելիս։ Զավեշտալի գրանցումներ ևս լինում են։

«Զավեշտալի դեպքերի հետ կապված մի անգամ գրառում արել եմ, տեսել եք։ Կային ծնողներ, որոնք շատ անհամբեր էին, և մեկ ժամում ավելի քան 100 հարցում էր ուղարկել մի ծնող, որպեսզի երեխայի տվյալը թարմացվի։ Եղել է մեկ այլ զավեշտալի դեպք, երբ ծնողը շփոթել է  տեղերը առաջին դասարան գնացող երեխայի և իրենց համար նախատեսված դաշտերը և ստացվել է, որ առաջին դասարան պետք է հաճախի օրինակ 60 տարեկան երեխա»։

Դպրոց ընդունելության նոր համակագն այժմ ամբողջությամբ թափանցիկ է դարձել, և զարտուղի բոլոր ճանապարհները բացառված են, վստահեցնում է զրուցակիցս։

Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար:

Բայց թե այս տարվա առաջին դասը առաջին դասարանցիները կանցկացնեն դպրոցո՞ւմ, թե՞ տանը՝ հեռավար, ժամանակը ցույց կտա։

Back to top button