ԿարևորՀասարակություն

ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի Լանզարոտեի կոնվենցիան

Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին: Այս մասին գրում է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»):

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անունով, Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Վավերացրել է բոլորովին վերջերս:

Կոնվենցիայում առկա կետերից մեկը որոշ իրավաբանների, բժիշկների, քաղաքացիների համար բավականին խնդրահարույց է: Դա 6-րդ կետն է, որով «յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:

Back to top button