ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Թատրոնն օնլայն չի լինում

Թվում է, թե համավարակի այս շրջանում մշակութային ոլորտում ամենաշատը տուժել է թատրոնը: Հնուց ի վեր թատերական աշխարհի հենասյուներից մեկը հանդիսատեսն է: Առանց նրա ցանկացած ներկայացում անիմաստ է, սակայն հակահամաճարակային սահմանափակումները թատրոնին զրկել են կենդանի հանդիսատեսից, փոխարենը, թատերական առօրյայի կարևոր մաս դարձնելով «առցանց հեռարձակումները» կամ «առցանց ներկայացումները»:

«Թատրոնն օնլայն չի կարող լինել»,- համոզված է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Թատրոնը մի աշխարհ է, ուր հանդիսատեսն ուզում է ներկայացման հերոսների հետ կենդանի շփվել, շնչել նույն օդը, անմիջականորեն հետևել դերասանի խաղին:

«Ո՛չ կինոն, ո՛չ հեռուստատեսությունը չեն կարող այն բերկրանքը պարգևել, այն տպավորությունը թողնել, ինչը որ կարողանում է անել թատրոնը: Այս ամենը ժամանակավոր բան է: Ես վստահ եմ, որ թատրոնը չի կարող լինել օնլայն: Մեր ներկայացումները մենք օնլայն չենք դրել, քանի որ դրանք նկարահանված չեն ցուցադրելու համար»,- ասում է նա:

Համազգային թատրոնն իր հանդիսատեսին ներկայանում է այլ ձևաչափով. «Նախընտրել ենք «Առականին»: Եթե օնլայն ես հանդես գալիս, ապա հատուկ այդ ձևաչափի համար պետք է պատրաստվես: Շատ արագ արեցինք «Առականի» ծրագիրը, որը հենց  առցանց ներկայանալու համար է արված: Նաև հիմա աշխատում ենք Վահան Թոթովենցի պատմվածքների վրա, դարձյալ նկարում ենք օնլայն տարբերակի համար: Նկարում ենք ինքնամեկուսացված, ինքներս մեզ ենք նկարում: Համախմբված նկարահանումներ չկան»:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը  վստահ է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի է բարձրացնելու կենդանի շփման արժեքը: «Մարդը կարիք է ունենալու գնալ թատրոն: Առանց կենդանի շփման հնարավոր չէ: Մի պարզ դիտարկում՝ այս ընթացքը բարդ էր, երբ փակ էին հանրային վայրերը, բոլոր սրճարանները, որտեղ մի գավաթ սուրճի շուրջ մարդիկ զրուցում էին, շփվում: Ու երբ դրանք բացվեցին, տեսանք, թե ինչ կատարվեց: Այսինքն մարդը կարիք ունի կենդանի շփման, առանց դրա հնարավոր չէ, դրանով է մարդը մարդ: Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ թատրոնը կարժևորվի, նրա արժեքն ավելի կբարձրանա»,- ասում է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close