ԿարևորՀասարակություն

Աղետը պետք է կանխել, սակայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասել է․

«Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։

Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին»:

Նորին Սրբությունը նաև խոսել է համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին:

«Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։ Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»,- մասնավորապես ասել է Վեհափառ Հայրապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close