ԿարևորՀասարակություն

Փակվել են մանկապարտեզներ

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մանկապարտեզներ ամենօրյա այցելություններով ոչ միայն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը, այլև՝ խախտումներ արձանագրելու դեպքում միանգամից ձեռնարկում են կտրուկ միջոցներ։

Մի քանի մանկապարտեզ այսօր փակվել է 24 ժամից մինչև 7 օրով։ Ստուգումների համար կարևոր են անգամ մանրուքները՝ աղբամանից և ծորակի ձևից սկսած մինչև երեխաների նստելու և քնելու դասավորվածությունը։

Մինչև 20 հաշվելը կամ «Happy birthday» երգելը վերջին օրերին ստացել է այլ իմաստ։ Դրանք սովորական թվեր, սովորական երգ կամ շարքային պարապմունք չեն։ Համավարակի օրերին վերաբացված մանկապարտեզների սաներն արդեն գիտեն՝ լվացվելու ընթացքում հաշվելու կամ երգելու վրա ծախսված ժամանակը բավարար է, որ ձեռքերը ախտահանվեն հնարավոր վարակից։

Մանկապարտեզները վերաբացվելուց հետո ամբողջ ծավալով չեն աշխատում՝ նախապատվություն տալով աշխատող ծնողների երեխաներին՝ խմբերը պետք է լինեն փոքր։ Հավաքվել են բոլոր փափուկ խաղալիքները և մնացել են միայն այնպիսինները, որոնք հնարավոր է ախտահանել։ Խոհանոցը, ննջասենյակները, բակային պայմանները, ախտահանման նյութերն ու կարգը. այս ամենը կրթության տեսչական մարմինն ամեն օր ստուգում է շրջայցերի միջոցով։ Կարևոր է ամեն մանրուք՝ աղբամանից և ծորակի ձևից սկսած մինչև երեխաների նստելու և քնելու դասավորվածությունը։ Զգոնությունը կորցրած մանկապարտեզները, սակայն, միանգամից պատասխան են տալիս դրա համար։ Այսօր մեկ օրով կասեցվեց Նորք-Մարաշ վարչական շրջանի համար 122 մանկապարտեզի գործունեությունը:

«Ձեր մանկապարտեզում հայտաբերվել են պարետի 63 որոշման 12–րդ հավելվածի կանոնների որոշ կետերի չպահպանում, մասնավորապես՝ անկողնային սպիտակեղենի ամենօրյա լվացումը ձեր կողմից կատարվել է 5–օրյա պարբերականությամբ և այդ հիմքով տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ պարետին է ներկայացրել 24 ժամով մանկապարտեզի գործունեությունը դադարեցմնելու հիմքերը»։

Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզների համար սահմանված «համավարակային» նոր կանոններով անկողնային սպիտակեղենը և երեխաների սրբիչները պետք է լվացվեն ամեն օր։ Մանկապարտեզներով ամեն օր շրջում և կարգ ու կանոնին անձամբ հետևում է կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ  Նարա Հովհաննիսյանը։

Նախադպրոցական հաստատություններում հայտնաբերված խախտումների շտկումներից հետո մանկապարտեզները վերաբացվելու իրավունք ունեն։ Կարգազանցների համար միայն աշխատանքի մեկօրյա կասեցման պատիժը չէ, որ գործում է։ Այսօր օրինակ՝ պարետի որոշմամբ 7 օրով արգելվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզի գործունեությունը։

Այս հաստատության փակման 3 պատճար կար. պարզվել է, որ աշխատողներից մեկը և երեխաներից մեկը հանդիսացել են կոնտակտավոր կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Բացի այդ` բակային տարածքները չեն ախտահանվել հակահամաճարակային կանոններին համապատասխան։
Կրթության տեսնչական մարմինը նախադպրոցական հաստատությունների վերաբացման օրվանից սկսած պարբերական շրջայցերի միջոցով հետևում են մանկապարտեզներում պարետի սահմանած բոլոր կարգադրությունների կատարմանը։

Back to top button