ԿարևորՀասարակություն

Փորձության ենթարկվեցի՝ չհավատալու համար. Լենայի վարակման պատմությունը

Գլխացավ, թուլություն, մարմնի ցավ, հետո նաև ջերմություն՝  37, 37,5 ու ցավեր թիկունքի հատվածում։ Լենան երբևէ թոքաբորբ չէր տարել, և հազը, մեջքի ու մարմնի ցավերը վերագրեց մրսածությանը։ Բայց ախտանիշների ի հայտ գալուն զուգահեռ՝  կորոնավիրուսով առաջին ծանոթն էլ էր հայտնվել։ Նա համադրեց փաստերն ու հասկացավ. վարակվել է հարևանուհու հետ մի քանի րոպե առանց դիմակ շփվելուց հետո։

«Ես չէի հավատում այս հիվանդությանը, որովհետև իմ շրջապատում չի եղել հիվանդ՝ ոչ ծանոթ, ոչ հեռու-մոտիկ բարեկամ, ոչ էլ հարևան ու ընկերուհի։ Թվերն օր օրի աճում էին, բայց քանի որ ես ինքս իմ շրջապատում հիվանդ չունեի, չէի հավատում, ինչ մեղքս թաքցնեմ։ Թող Աստված ինձ ների, երևի դրա համար էլ այսպիսի փորձության ենթարկեց ինձ», — պատմում է Լենան:

Հարևանուհին իրենց տուն էր գնացել, համբուրել էր, այդպես էլ փոխացել էր վարակը:

«Առանց դիմակ էր, առանց ձեռնոց, նույնն էլ ես․․․ դե տանն էինք, տանը ի՞նչ դիմակ։ Ես չէի պատկերացնում, որ այդքան մոտիկ մարդը կարող է վարակված լինել։ Հարևանուհիս վարակակիր էր, բայց ախտանիշներ չուներ։ Հետո նրա տան անդամներն էին վատառողջ, ու երբ գնացին թեստավորման, պարզվեց՝ հիվանդ են բոլորը։ Վարակվել ենք նաև ևս, մորաքույրս։ Հետո ես շփվել եմ տատիկիս հետ, տատիկիս էլ ես եմ վարակել», — պատմում է Լենան։

Լենայի մոտ հիվանդությունը նահանջում է․ ջերմություն արդեն չունի, մարմնի ցավերն էլ թուլացել են։ 75-ամյա տատիկը երկկողմանի թոքաբորբ  է տանում։

«Բարեբախտաբար, տատիկս  քրոնիկ հիվանդություններ չունի։ Եթե ունենար շաքար, ճնշում և այլ հիվանդություններ,  չեր փրկվի․․․ չեմ ուզում նույնիսկ պատկերացնել․․․ ես էլ մեղքի զգացումով կապրեի ամբողջ կյանքում»,-շարունակում է երիտասարդ կինը։

Լենայի տատիկին արդեն հիվանդասենյակ են տեղափոխել, բայց հարևանուհու ընտանիք կորոնավիրուսը դժբախություն է բերել։

«Շատ ցավալի է, բայց հայրը մահացավ․ քրոնիկ հիվանդություն ուներ, չգիտեին։ Թոքերի խնդիր ուներ, հետո նաև քաղցկեղ էին ախտորոշել։ Կորոնավիրուսով վարակման դեպքում  քրոնիկ հիվանդություններն արագացնում են մարդու մահը»,-պատմում է Լենան։

Նա ամեն օր տեսնում է, թե ինչպես են իր շուրջը վարակակիրները անտեսանելի թշնամու դեմ կենաց ու մահու պայքար մղում, ինչ պայմաններում են աշխատում առաջնագծում գտնվող բուժաշխատողները։

«Այն հարկում, որտեղ ես եմ պառկած, ծանր դեպքեր չկան, ծանր դեպքերը վերակենդանացման բաժանմունքում են։ Անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ։  Բժիշկները առավոտյան և երեկոյան են գալիս շրջայցի, գանգատները լսում են։ Իսկ օրվա ընթացքում բուժքույրներն են վազվզում, ամբողջ հարկի ծանրաբեռնվածությունը մեկ հոգու վրա է՝ դեղերն են հասցնում, սրսկումներ անում, սիստեմաներ միացնում։ Շատ ծանր են աշխատում, շատ հոգատար են։ Շնորհակալ ենք, նրանց շնորհիվ նորից կյանքի ենք վերադառնալու»:

Լենան հիմա ոչ միայն հավատում է վարակի գոյությանը, այլև շատ վախենում: Հորդորում է բոլորին պաշտպանվել ու պաշտպանել վարակից իրենց մտերիմներին։  Հարցազրույցի էլ համաձայնեց, որպեսզի բազմաթիվ հայրենակիցները կորոնավիրուսին հավատան ոչ թե սեփական փորձով, այլ այդ փորձությամբ անցածի պատմությունով։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close