Հասարակություն

«COVIDակարգ» առօրյա արտակարգ նախարարությունում

Աննա Հարությունյան
«Ռադիոլուրի» համար

Լուսացույցներն ու հոծ գծերը երբեք այսքան անտեսված չեն եղել: Սլանում ենք «պրոսպեկտն» ի վեր կարմիր հրշեջ մեքենայով. ճանապարհի հանդիպակաց կողմով:

Քաղաքի բոլոր կանգառները պիտի ախտահանվեն մինչև առավոտվա «պիկ» ժամը:

Ներսեսն ու Դավիթը արագ են աշխատում: Մեքենան շատ բարձր է: Չեմ  էլ հասցնում իջնել, որ տեսնեմ ինչ են անում, արդեն գործն ավարտած վերադառնում են: Վարորդ Մուշեղն էլ հեռախոսով նկարում է տղաների աշխատանքը. ուղարկում են նախարարություն՝ որպես հաշվետվություն:

Արտակարգ իրավիճակներում արտակարգ իրավիճակների նախարարությունում վիճակը գերարտակարգ է:

«Վարակազերծում իրականացվում է բոլոր հանրային տարածքներում, անգամ հարցման դեպքում վարակազերծվել են բնակարաններ, շենքեր, մուտքեր, վերելակներ և այլն»,- ասում է Մերի Առաքելյանը:

Երկրում թերևս չկա մեկը, որը ճգնաժամ բառի իմաստը Մերի Առաքելյանից լավ է հասկանում: Մերին ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետն է:  Վերջին երեք ամսվա ընթացքում արված շուրջ 35000 ախտահանումների, ինչպես նաև շուրջ 370 000 ահազանգերի հետ կապված ողջ տեղեկատվությունը նրա համակարգչի մեջ է, իսկ առանձնահատուկ դեպքերը՝ հիշողության:

«Ուրեմն մի կին էր զանգահարել 911 և օպերատորից փորձում էր ճշտել, թե որտեղ է իր 2,5 տարեկան երեխան: Կինն ասում էր, որ կորոնավիրուսի ընթացքում բոլորս տանն ենք, երեխաս չկա, զարմանում էր՝ ինչպես կարող է երեխան կորոնավիրուսի պայմաններում, լինելով 2,5 տարեկան, դուրս գալ տանից: Մեկ-երկու րոպե հետո, մեր օպերատորը հետադարձ զանգով պարզել է, որ երեխան տանն է, ապահով է, պարզապես որոշել է խաղալ ծնողների հետ»,- պատմում է Մերի Առաքելյանը:

Րոպեներ առաջ էլինան զանգահարել էր 911 և ասել, որ իր մոտ covid-ի հետ կապված վախեր են առաջացել: Խոսքը սովորական զգուշավորության մասին չէ, այլ ֆոբիայի վերածվող հոգեվիճակի: Նման դեպքերում հերթապահ հոգեբանը հետ է զանգում մեկ-երկու րոպեի ընթացքում:

«Տեսեք օբյեկտիվ իրականության մեջ կորոնավիրուսը էմոցիաներ չունի, մենք ենք նրան ինչ-որ էմոցիա տալիս: Դուք այնպիսի էմոցիոնալ երանգ տվեք, որը Ձեզ է հաճելի: Եթե նույնիսկ ինչ-որ բան փոխվի այս աշխարհում, դուք փորձեք Ձերը գտնել նոր աշխարհում. սա պետք է լինի մեր մտածելակերպը»,- հեռախոսազանգին պատասխանելով հոգեբանական աջակցություն է տրամադրում 911 ծառայության հոգեբան Տիգրանը։

Կորոնավիրուսի պատճառով մեծամասնության մոտ տագնապն է, ինձ հետ զրույցում ասում է ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյան. «Մենք սոցիալական ցանցերում էլ ենք նյութեր տեղադրում այս համաճարակային իրավիճակով պայմանավորված քաղաքացիների մոտ առաջացող լարվածությունը և տագնապային իրավիճակը մեղմելու նպատակով»։

Ամենաանսովորը հոգեբանների համար կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ մարդկանց հետ շփվելն էր. բայց շատ արագ հարմարվեցին, պատմում է Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ Գոհար Մխիթարյանը:

«Հիմնականում փորձում ենք ուղղորդել, որ տանը ֆիզիկական վարժություններ անեն. դա նույնպես օգնում է այս վիճակից դուրս գալ»։

Լուսացույցներն ու հոծ գծերը կրկին անտեսված են: Կրկին հանդիպակաց կողմով սլանում ենք… բայց արդեն «պրոսպեկտն» ի վար: Մնացել է վերջին կանգառն ախտահանել:

Փրկարարներս շտապում են, րոպե առաջ հանեն պաշտպանիչ նարնջագույն համազգեստը, ախտահանեն ու ախտահանվեն և արդեն կապույտ համազգեստով անցնեն իրենց արտակարգ առօրյային:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close