ԿարևորՀասարակություն

Ուժեղացված ծառայություն Կապանում

Համավարակով պայմանավորված ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում նաև Կապանում։ Մարզկենտրոնում հիմնականում պահպանում են անվտանգության կանոնները, սակայն հանդիպում ենք նաև տուգանվողների։

Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում ենք, որտեղ ոստիկանների հերթական խումբը ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Նկատում ենք, որ քաղաքացուն տուգանում են, մոտենանք և հասկանանք ինչի համար։ 

Իսկ ինչո՞ւ եք արձանագրություն կազմում։ 

«Դիմակի բացակայության համար, դիմակ չկար նրա մոտ»։ 

Բացօթյա տարածքում դիմակի առկայությունը պարտադիր է։ Հակառակ պարագայում 10000 դրամով կտուգանվես, ինչպես Կապանի բնակիչը։ Տաքսու վարորդ է, մեզ հետ զրույցում ասաց՝ ոստիկանները ճիշտ են արել, որ տուգանել են, դիմակի առկայությունը պարտադիր է։

Ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում քաղաքի ամեն անկյունում` հորդորելով հետևել պարետատան ցուցումներին։

«Շատ լավ է, որ սահմանափակումներ կան, որովհետև վարակը չի տարածվի, իսկ եթե վարակը չտարածվի, ավելի շուտ սահմանափակումները կվերացնեն։ Սոցիալական հեռավորությունը պահպանելով, դիմակ կրելով չենք տարածում վարակը»,-ասում է քաղաքացի Վարդիթեր Գրիգորյանը։ 

Մարդկային կուտակումները վարակը տարածելու հիմնական միջոցն են, ուստի ոստիկանները հետևում են սոցիալական հեռավորության պահպանությանը հատկապես առևտրի կետերում։

 «Շատ կարևոր է հաճախորդները հեռավորությունը պահպանեն։ Հաճախ մենք փոխում ենք մեր դիմակները, ձեռնոցները։ Գործ ունենք պաղպաղակների հետ։ Մարդկանց հորդորում ենք ալկոգելով ախտահանվեն, նոր ուտեն։ Ամեն բան է այստեղ լինում»,- նշում է վաճառողուհի Անուշ Մարտիրոսյանը։

Ավագ սերժանտ Արշակ Սահակյանի խոսքով` ծառայությունը առավոտից մինչև ուշ  երեկո է տևում, աշխատում ենք ներողամիտ լինել այն մարդկանց պարագայում, ովքեր տարեց են կամ փոքրիկ երեխայի հետ են, բայց այն պայմանով, որ տեղում կվերացնեն թերությունը։

Հիմնականում պատճառաբանում են, որ շոգ է եղանակը և անհարմար է դիմակ կրելը, քրտնում են, իսկ երեկոյան ժամերին հիմնականում ընտանիքի անդամներով են զբոսնում և ասում են, թե իրենք ընտանիքի անդամներով են և ինչո՞ւ պետք է կրեն։

Բացատրում ենք, որ նախ մենք չենք կարող իմանալ ընտանիքի անդամ է, թե այլ անձնավորություն։ Մյուս պարագայում՝ ընտանիքի անդամների առողջությունն էլ պետք է պահպանվի, պետք է կրեն դիմակ։

Առայժմ հասարակական առողջությունը պահպանում են ոչ թե մարդկանց ինքնագիտակցությունը, այլ` ոստիկանական միջոցառումները։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close