ԿարևորՀասարակություն

«Հայփոստ»-ի բաժանմունքներ են փակվել․ թոշակառուներին հորդորում են մնալ տանը

Երեկվանից «Հայփոստ»–ի բաժանմունքներում սկսել են թոշակներ բաժանել։ Հակառակ այն կարգավորումներին և հորդորներին, որ համավարակի պայմաններում կենսաթոշակառուները մնան տանը և սպասեն, որ փոստատարը բերի թոշակը, կենսաթոշակառուները երեկվանից հերթի են կանգնում` րոպե առաջ հասանելի գումարը ստանալու համար։ Հիմնավորումները տարբեր են։

Բայց իրավիճակը այդքան էլ ապահով չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Կան բաժանմունքներ, որտեղ քաղաքացիների կուտակումներ են, երբեմն սոցիալական հեռավորություն չի պահպանվում և կա անգամ «Հայփոստ»–ի բաժանմունք, որտեղ մնացել է ընդամենը մեկ աշխատող՝ մնացածը կորոնավիրուսով հիվանդանոցում են։   

Էջմիածին քաղաքի 1101 փոստային բաժանմունքում մնացել է մեկ աշխատող՝ 7–ից  6–ը կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են։ «Կանգուն» մնացած միակ աշխատակիցը չի հասցնում փոստային բոլոր գործերը, այդ թվում՝ շուրջ 800 կենսաթոշակառուին սպասարկել։  

«Ամսի 20–ից են վարակված։ Այսօր նոր մի փոստատարը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ևս 14 օր էլ պետք է տանը մնա։ Բոլոր օպերատորներն էլ երկկողմանի թոքաբորբով են տեղափոխվել հիվանդանոց։ Հիմնականում՝  50–ի մոտ տարիքի են, երկուսը երիտասարդ են, բայց էլի․․․»։

Մինչ այսօր փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը, մոտակա երկու փոստային բաժանմունքից մեկական օպերատոր, օրվա երկրորդ կեսին՝ ժամը 14–ից, գնում են օգնության։ Բայց իրավիճակը դրանից չի թեթևանում։ Կենսաթոշակառուները երեկվանից հավաքվում են փոստային բաժանմունքի մոտ։ Անգամ իմանալով, որ բաժանմունքը կբացվի կեսօրից հետո, գալիս են առավոտից՝ հերթ պահելու և թոշակ ստանալու համար։  

-Այ մարդ, ես շատ առողջ եմ»։

-Տուն չեն բերում, բոլորը հիվանդ են»։  

-Այնքան հերթ է լինում, գնացել եմ գրիչ եմ առել, որ իրենց գրիչով չգրեմ»։

-Ժամը 11–ից այստեղ ենք։ Երեկ էլ այ սենց էր՝ 3 ժամ ջարդած ոտքով կանգնել եմ»։

-Գոնե մի 3–4 հոգի գան շուտ տան, մեղք ենք»։  

Իրավիճակին տեղում ոչ թե ծանոթացել է, այլ՝ բացահայտել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Առավոտից մեքենայով շրջում էր Երևանում, Արմավիրում, Արարատում, Էջմիածնում և այլ քաղաքներում։ Անգամ հեռվից՝ մեքենայի միջից էր փորձում հետևել՝ որքանով են քաղաքացիները օրինապահ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման և սոցիալական հեռավորության պահպանության հարցում։

Էջմիածնի 1101 փոստային բաժանմունքը միակը չէ, որտեղ գրանցվել են վարակի բռնկումներ։ Այդպիսիք կան նաև այլ վայրերում։ Դա է պատճառը, որ փոստային բաժանմունքների մի մասը փակվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ փոստային բաժանմունքների բաժանորդներին ժամանակավորապես տեղափոխել են այլ բաժանմունքներ, որոնք պետք է սպասարկեն նրանց։ Նաև դա է պատճառը, որ մարդկանց հոսքը ավելացել է, դրան զուգահեռ՝ աժիոտաժը, անհանգստությունը և անհամբերությունը նույնպես։

Վիճակագրական տվյալներով Հայաստանում կենսաթոշակառուների կեսից քիչ ավելին թոշակը ստանում է ոչ կանխիկ, այսինքն՝ բանկային քարտի միջոցով և պարտադրված չէ հերթ կանգնել կամ սպասել փոստատարին։ Մյուս կեսը դեռ նախընտրում է «հին ձևերը»՝ չվստահելով կամ չտիրապետելով նոր տեխնոլոգիաներին։ «Հին ձևերին», սակայն, կարճ կյանք է մնացել։ Խորհրդարանում երկրորդ ընթերցման է սպասում նախագիծը, համաձայն որի կենսաթոշակների ոչ կանխիկ համակարգը դառնալու է պարտադիր բոլորի համար։

Հակոբ ԱրշակյանՄյուս տարի արդեն պետք է անցնեք անկանխիկի, այսիքն՝ քարտի միջոցով։

Քաղաքացի- Իմը տենց էր, գլուխ չհանեցի, նորից փոխեցի էս մյուսին։

Հակոբ Արշակյան — Դե պետք է ինչ- որ մեկին խնդրեք Ձեզ սովորեցնի։ Մեկ անգամ, որ ցույց տան՝ էլ ոչ մեկի կարիքը չեք ունենա։     

«Հայփոստ»–ի բաժանմունքներում տիրող այսօրվա վիճակին ծանոթանալուց հետո նախարարը խիստ հրահանգել է և իրավունք տվել՝ կուտակումների, քաղաքացիների կողմից  անվտանգության կանոններին չհետևելու և չենթարկվելու դեպքում բաժանմունքները իրավունք ունեն դադարեցնել օրվա աշխատանքը, որևէ սպասարկում չիրականացնել,  զեկուցել վերադասին և կանչել ոստիկանություն։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close