ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը տարածվել է ֆաբրիկայում․ տնօրենը մտածում է դատական հայցի մասին

Վիրուսն  իր կանոններն է թելադրում, եւ  օր օրի ավել շատ են հնչում՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ հաճախակի ձեռքեն ախտահանելու հորդորներ, բայց զուգահեռ սոցիալական ցանցերում ավելի շատ են հայտնվում լուսանկարներ, որտեղ պարզ երեւում է, թե  ինչպես են քաղաքացիներն անտեսում հորդորները։ Խախտումների դեպքերն անձամբ իր էջում հրապարակում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի գործունեությունը 72 ժամով դադարեցված է,  ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը, սակայն, հստակ տեղյակ չէ, թե ինչու է պարետատան կողմից նման որոշում կայացվել։ Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, թե կասկածներ ունի, որ պատճառը  սոցցանցերում տարածված լուսանկարն է, որտեղ երեւում է, թե ինչպես են աշխատակիցները գործից հետո խմբված բարձրանում ավտոբուս՝ տուն գնալու համար:  Նախօրեին էլ ֆաբրիկայի երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերել․

«Ուշադիր նայեք ավտոբուսի մեջ, պատուհաններից դիմացի շենքը երեւում է։ Ընդամենը 3 հոգի են, լավ թող լինի 4, ի՞նչ»։  

2600 աշխատակից ունեցող «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենը հարցը լուծելու համար որոշել է այլեւս ավտոբուսներով չապահովել աշխատակիցների տեղաշարժը, այլ ավտոբուսների վարձակալության համար հատկացված 5 մլն դրամը բաժանել աշխատակիցներին, որպեսզի ինքնուրույն լուծեն ֆաբրիկա հասնելու հարցը։

Նախօրեին, երբ զրուցում էի Գլորիայի տնօրենի հետ, ասաց, թե ընդամենը երեք վիրուսակիր է հայտնաբերվել ֆաբրիկայում ու դրա պատճառով դժվար թե դադարեցվի ֆաբրիկայի գործունեությունը։

«Դե հիմա մեր մոտ էլ մի քանի հոգի վարակվել են։ Անցյալ տարի էլ գրիպ էր, 30-40 հոգի բացակայում էին։ Դե հիմա էլ համաճարակ է, մեզ մոտ էլ մի քանի հոգի կա»։

Ամեն դեպքում ասաց, որ սպասում են պարետատան որոշմանը։

Պարետատան որոշումը չուշացավ։ Երեկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ֆաբրիկայի գործունեությունը դադարեցված է 72 ժամով։

Առավոտյան Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Սամվել Լամբարյանը ոստիկանների հետ եկել ու ծանուցել է  պարետատան որոշման մասին։ Սակայն տնօրենը լրատվամիջոցներին դժգոհում է, թե  հնարավոր է դատական հայց ներկայացնի այս որոշման դեմ, քանի որ երեք օրում մոտ 20 հազար եվրո վնաս  է կրում։ Աշխատակիցների թեստերի արդյունքում պարզվել է, որ ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատված։

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության` պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1- ի դրությամբ կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից միայն 681-ը՝ նույն հունիսի 1- ին։

Ցուցակում տեղ էր գտել նաեւ «Տիտան» սուպերմարկետը, գործունեությունը դադարեցվել էր 24 ժամով, ինչից հետո խանութը կրկին շարունակում է գործունեությունը՝ հստակ պահպանելով անհրաժեշտ ցուցումները` վստահեցրեց մենեջեր Էրիկ Հովհաննիսյանը․

«Մեկ օրով փակվել է։ Երեւի առանց դիմակ ներս մտնելու համար են փակել, տեղում չեմ եղել, չգիտեմ, ինձ թվում է ուրիշ պատճառ չի կարող լինել։ Դրանից հետո եկել են ստուգման, ամեն ինչ նորմալ է»։

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարինն ու ոստիկանությունը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարբեր հաստատություններում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close