ԿարևորՀասարակություն

Պարզվել են Շենգավիթի միջոցառման կազմակերպիչները, հարուցվել է վարչական վարույթ

Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել Շենգավիթ վարչական շրջանում երեխաների եւ նրանց ծնողների մասնակցությամբ հունիսի 1- ին բազմամարդ միջոցառման կազմակերպիչների նկատմամբ։

Ոստիկանությունից պարզաբանումներ եւ այլ մանրամասներ «Ռադիոլուրին» չհաջողվեց ստանալ։

Միջոցառման տեսանյութը համացանցում տարածվել էր դեռ նախօրեին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ- ին հանձնարարել էր զբաղվել միջոցառման կազմակերպիչներով։

Այս հանձնարարականի հետ կապված ԱԱԾ- ն հայտարարել է, որ  իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է  միջոցառման կազմակերպիչներին։

ԱԱԾ- ն նաեւ կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:

«Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն»։- ասվում է ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր առավոտյան հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է հավաքված երեխաների բազմություն։ «Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- գրել էր վարչապետը։

Ավելի ուշ պարզվել է, որ միջոցառումը տեղի է ունեցել Բագրատունյաց 34 եւ 36 շենքերի բակում: Դրան անդրադարձել էր նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ վստահեցնելով,  որ հունիսի 1-ին տեղի ունեցած միջոցառումը վարչական շրջանը չի կազմակերպել եւ որեւէ առնչություն չունի: Ռազմիկ Մկրտչյանը նշել էր, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ եւ պարզել, որ նա եւս չի կազմակերպել որեւէ միջոցառում, տեղի ունեցածը չի կազմակերպել ո՛չ որեւէ դպրոց, ո՛չ էլ՝ մանկապարտեզ, ամենայն հավանականությամբ՝ դա իրականացվել է բակի ծնողների նախաձեռնությամբ։

«Դպրոցներին ու մանկապարտեզներին զգուշացված է եղել, որ միջոցառումներ չեն լինելու, անգամ այգիներում աշխատակիցները սահմանել են հսկողություն»,- նշել է  վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ չեն գործել խաղերն ու ատրակցիոնները։ Թաղապետը նկատել է նաեւ, որ շենքերի շատ լինելու պատճառով հնարավոր չի եղել հսկողություն սահմանել բոլոր բակերում:

«Պետք է պատասխանատվության զգացում ունենային ծնողները, քանի որ իրենց նախաձեռնությամբ վտանգել են իրենց եւ երեխաների առոջությունը»,- նշել է նա։

Թաղապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ նաեւ կրկնակի տարակուսելի է համարել, որ այս վարքագիծը դրսեւորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ իբրեւ թե հանուն երեխաների։

Back to top button