ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն վաղը հրավիրելու է մամուլի ասուլիս՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակով հայկական ավիաընկերությունների ԵՄ մուտք գործելու արգելքի մասին հայաստանյան մամուլում այսօր քննարկվող տեղեկությունների կապակցությամբ։
Իսկ մինչ այդ կոմիտեն քիչ առաջ պարզաբանում է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։


«Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։

ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա:
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:

2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»:

Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»:
ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական Միության Ավիացիոն Անվտանգության գործակալությունն այսօր թարմացրել է այն երկրների ցուցակը, որոնց ավիաընկերությունների մուտքը «եվրոպական երկինք» ապահով է, ինչպես նաեւ ավելացրել այն 16 երկրների անունները, որոնց 96 ավիաընկերություններին կարգելվի թռչել ԵՄ օդային տարածքով։

Այս ցանկում 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն, սակայն մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաավիացիայի կոմիտեն նշել էր, որ արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։

Նաեւ նշել էր, որ այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից։ Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները։

Back to top button