ԿարևորՏնտեսական

Կապանի բնակավայրերում անմշակ հողերի վերականգնման ծրագիր է մեկնարկել

Կապան համայնքում դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր է իրականացվում։ Նպատակը՝ հողերի անապատացման ու թփապատման դեմ պայքարելն է։ 12 բնակավայրում մշակման աշխատանքի մեկնարկը  տրվել է, այդ թվում Ձորաստանում։

Արևը դեռ շատ չի թեժացել, ճանապարհվում ենք Կապան համայնքի բնակավայրերից մեկը, Ձորաստան, այն մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում։ Ձորաստանը մեծ գյուղ չէ, դպրոց ու մանկապարտեզ չկա, կա երկու եկեղեցի, մատուռ։

Հասնելուն պես նկատում ենք, Ձորաստանը փարթամ բնություն ունի։ Ծաղկաշատ գյուղ է` մաքուր օդով ու սրան էլ զուգահեռ անմշակ ու դեգրադացված հողերով։ Կապանի համայնքապետարանի ծրագրով այժմ 12 հա տարածքում մշակման աշխատանքներ են իրականացվում։

«Գևորգ, ես պայմանավորվել եմ, որ տեղը պիտի ցույց տամ, իմ սահմանը, ուր է, չէ, այսպես չէ, վերևը չէ, հողն այսպես են կտրում։ Ես ասել եմ Հարություն Բալայիչի հողը, Եփրեմյան Գարեգինի հողը, ինչո՞ւ եք խախտել սահմանը»,- ասում է Առուստամ Հայրումյանը։

Նա Ձորաստանի բնակիչ, կարգ ու կանոն է սիրում, մշակվող տարածքում չնայած սեփականության իրավունքով հող չունի, բայց բանավոր համաձայնությամբ, տարածքը որպես խոտհարք է ծառայեցնում։

Սյունիք բնակավայրում 20 խոշոր անասուն է պահում, խոտով ապահովում այստեղից։

«Գյուղատնտեսություն եմ զարգացնում, 20 հատ խոշոր ունեմ ինձ, գյուղում ոչ մեկը բան չունի, մի հատ կով էլ չկա։ Միայն դժգոհ եմ, որ 15 օրվա համար չեն սպասել, որ խոտարքը հավաքեմ, անասունների կերը հավաքեմ, նոր այս գործը անեմ»,- ասում է Հայրումյանը։

Ռեկուլտիվացիայի հարցում նախապես համաձայնություն է եղել սեփականատերերի ու մշակողների միջև։ Վերջին անգամ 2011-ին է այստեղ վար ու ցանք կատարվել, պատմում է համայնքի վարչական ղեկավար Գևորգ Հարությունյանը։

«Տղաները շատ լավ են աշխատում, իրենք գործից տեղյակ են․ գիտեն ոնց, ինչ։ Ինձ թվում է՝ արագ կվերջացնեն, որովհետև պետք է, որ այս սեզոնին վերջացնեն, արևի տակ մի քիչ մնա այս հողը, որ աշնանը ավելի լավ բերք ստանանք»,- նշում է Գևորգ Հարությունյանը։

Համայնքների խոշորացումից հետո հողերի դեգրադացիան դարձել էր լուրջ խնդիր, այդ իսկ պատճառով Կապանի համայնքապետարանի ծրագրով երկու տարվա ընթացքում թե սեփականության իրավունքով, թե համայնքային նշանակության հողերը պետք է մաքրվեն ու բերվեն նորմալ վիճակի։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյան․ «Համայնքային հողերն առայժմ կմնան համայնքին, իսկ սեփական հողերը կհանձնենք սեփականատերերին, այն պայմանով, որ այդ հողերը պետք է մշակվեն։ Իհարկե, կան տարաձայնություններ, որ խոտհունձից հետո մշակել հետո, սակայն ճիշտ է  հողը վարել այն ժամանակ, երբ խոտը բարձր է։ Սեփականատերերի մեծ մասը համաձայնել է դրա հետ»։ 

Մարատ Հարությունյանը վստահեցրեց, նրանք, ովքեր համաձայն չէին, նրանց տարածք գյուղտեխնիկա չի մտել։

Կապան համայնքի 12 բնակավայրերում է այս գործն արվելու, որ 300 հա մշակված հող դրվի հացահատիկի ցանքի տակ։

Ձորաստանի բնակիչ Առուստամ Հայրումյանի վստահ է, որ դրանից հետո հենց գյուղում մնալն ու զարգացնելը վարակիչ կլինի։

Back to top button