Ծովահայեր

Գենային ինժեներիան կվերականգնի՞ Սևանի իշխանի անհետացած տեսակը. «Ծովահայեր»

 Վերջին տարիներին Սևանը բռնել է ճահճացման ուղին և չի կարողանում վերականգվել: Պատճառը կամ՝ պատճառների փունջն որդեն երկու տարի ուսումնասիրում են մասնագետները: Սևանի վերացած ձկնատեսակի, սակավ ձկնապաշարի և սակավացող խեցգետնի պաշարների, ինչպես և լճի փրկության ուղիների մասին պատմում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Պարոն Գաբրիելյան ինչո՞ւ է պակասել Սևանի ձուկը, 90 ականներին խոսակցություն կար, թե Սևանում այնքան ձուկ կա, որ և՛ մեզ կբավարարի, և՛ հարևաններին, նույնիսկ Ադրբեջան էինք արտահանում:

Ե՛վ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, և  հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոնը երկար տարիներ ուսումնասիրում ենք Սևանի էկոհամակարգը: Կարելի է ասել, միակն ենք, որ էկոհամագարգային մոտեցում է ցուցաբերում ուսումնասիրությունների մեջ, սկսած ջրային մանրէներից մինչև ափամերձ գոտու թռչունների և կաթնասունների ուսումնասիրություն: Սևանում ուսումնասիրութ-յուններն սկսվել են 1923 թ.-ից:

Այսինքն՝ նախքան Սևանա լճի մակարդակն իջեցնե՞լը:

Այո, ստեղծվել էր Սևանի կայանը, հետո՝ ձկնաբանական կայան էր կոչվում, հետո էլ դարձավ ինստիտուտ, միցավ կենդանաբանական ինստիտուտին ու դարձավ կենտրոն: Սևանն ուսումնասիրվել է երկար տարիներ, խորհրդային տարիներին նույնիսկ միության հանրապետությունների գիտնականներից ստեղծվել էր խումբ, որն ուսումնասիրում էր Սևանը: Հիմա էլ է Սևանը մեծ հետաքրքրություն առաջացնում գիտնականների մոտ, մենք համագործակցում ենք մեր գերմանացի, կոլեգաների հետ, ինչպես և Ռուսաստանի, Բելառուսի, որոնք գիտականորեն շահագրգռված են ուսումնասիրելու այսպիսի ունիկալ լիճը: Ինչո՞վ է ունիկալ, այն մեծ է եվրոպական շատ լճերի համեմատությամբ, բարձրադիր է և բազմիցս անցել է Էֆտրոֆացման  (ճահճացման) և դեէֆտրոֆացման գործընթացներ: 60-70 տարվա մեջ ունենք մի մոդել, որը գիտական հանրույթի մոտ հետաքրքրություն է առաջացնում:  Այդ հատուկ ծրագրով մենք հաշվարկներ էինք կատարել, 90- ականներին Սևանում արձանագրել ենք ամենամեծ պաշարը՝ ի հաշիվ սիգի, այն կազմում էր 30 000 տոննա: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Սևանա լճի ձկնապաշարը գնահատելիս անցած տարվա հոկտեմբերի դրությամբ սիգի արդյունագործական պաշարը կազմել է 660 տոննա։ Վերջին տասնամյակների արդյունագործական տեսակը սիգն է, և կան մարդիկ, որ ասում են, թե սիգը ներմուծված տեսակ է. էկոլոգիական նշանակություն չունի:

Կարծիք կար, որ Սևանի Իշխանը վերացավ ներմուծված սիգի պատճառով, կիսու՞մ  էք այդ կարծիքը:

Կան ուժեր, որոնց ձեռք է տալիս ասել, «սիգը կերավ իշխանին, հետո՝ սիգին կերավ խեցգետինը, խեցգետնին՝ կառասը, բնության մեջ իրար կերան՝ մարդը գործ չունի այստեղ»: Սա ոչ միայն չհիմնվորված, նաև իրենց անգործությունը քողարկող վարկած է՝ մեղքը կենդանիների վրա բարդելու փորձ:

Ո՛չ, վստահ ասում եմ, սիգը չկերավ իշխանին, սիգը գիշատիչ չէ, գիշատիչն իշխանն է, եթե հակառակը լիներ, կարելի էր ինչ-որ տեղ պնդել, որ իշխանը կերավ սիգին, իսկ այս պարագայում՝ անհնարին է: Լճում ձվադրողները լիովին վերացել են և դրանք վերականգնելու համար մենք շատ ջանքեր ենք գործադրում, նույնիսկ գենային ինժեներիայով ենք փորձում այն  վերականգնել: Մեր ռուս կոլեգաների հետ արդեն մի քանի տարի է մեր իշխանի գենոմը փորձում ենք աճեցնել սաղմոնի մեջ,  դա՝ տեսակի մակարդակով: Հիմա ուզում ենք վերականգնել ձմեռային իշխան տեսակը, որն իսկական իշխան էր հանդսանում, կարմիր մսով և իր համային հատկություններով: Դա շատ բարդ գործընթաց է, որովհետև աշխարհում ձկնաբանության ոլորտում գենային ինժեներիա դեռ չի կիրառվել և եթե մեզ մոտ ստացվի, դա կլինի առաջինը: Նույնիսկ Կուռչատովի ինստիտուտում են այդ գիտափորձերն արվում:

Ես ճի՞շտ եմ հասկանում, եթե մեզ մոտ ստացվի, կստացվի, որ աշխարհում գենային ինժեներիայով վերականգնված առաջին ձկնատեսակը մեր իշխա՞նն է:

Այո, ուրիշ կենդանիների վրա դա արվել է, բայց ձկան վրա երբեք չի արվել: Եթե մեզ հաջողվի, այն աշխարհում առաջին օրինակը կլինի, բայց սա երկարատև և ծախսատար գործընթաց է: Մի քանի տարի առաջ առանձնացրինք մեր իշխանի գենոմը, և հետաքրքիր է, որ իշխանի գենոմն ամբողջովին հայտնաբերվել է սաղմոնի մեջ: Մեր պահեստներում հավաքված ունենք վերացած տեսակների թեփուկները, այդ թեփուկների միջոցով գենետիկները պետք է գտնեն, առանձնացնեն վերացած տեսակի մասը և մեր առկա տեսակի վրա վերականգնեն անհետացած տեսակը: Դա մեր նպատակն է, բայց թե ինչքանով հնարավոր կլինի՝ կյանքը ցույց կտա:  Մենք առաջարկեցինք նաև, որ եղած ենթատեսակները, որոնք ձվադրում են լճում, գոնե դրանք պահպանվեն, դրանք էլ էին անհետացման եզրին, մանավանդ՝ մենք  ունենք ամառային բախտակ ենթատեսակը, որն էլի ունիկալ է, քանի որ այն միակ սաղմոնազգի ձուկն է, որ ձվադրում է գարնանը և ամռանը, մնացած սաղմոնազգիները ձվադրում են աշնան ու ձմռան ամիսներին: Ամառային բախտակ ենթատեսակն ունիկալ է, չի խառնվում ուրիշ տեսակներին, մենք բարձրացրինք հարցը, որ չի կարելի թողնել անհատ գործարարների հայեցողությանը և մեր առաջարկով Կարճաղբյուրում ստեղծվեց այդ գործարանը, որը պետական «Իշխան» ՓԲԸ –ին է պատկանում, և այնտեղ մեր մասնագետների օգնությամբ, սելեկցիայի արդյունքում  Սևանա լիճ են բաց թողնվում մեր իշխանին ավելի մոտ ձկներ:

 Ասեմ, որ դա պետության և գիտական կառույցի համագործակցության հաջողված օրինակ է:

Պարոն Գաբրիելյան, ինչու՞  խեցգետնի պաշարն էլ վերացավ:

Խեցգետնի վերացման պատճառներից մեկը նույնն է, ինչ ձկանը, մյուսը՝ մեր ձկնորսներն սկսեցին ներմուծել նոր խեցգետնաորսիչներ, չինական արտադրության, բարձր որսայնությամբ: Դրանք փռվում են լճի հատակին և բոլոր տեսակի՝ մանր ու մեծ կենդանիները դուրս են բերվում ջրից: Փաստորեն, մենք մատղաշ սերունդն ենք վերացնում ավելի մեծ քանակով, քան թույլատրելի է: Պարզ է, որ շարունակելու դեպքում չեն կարող վերականգնվել Սևանի պաշարները: Խեցգետնի վերացման հաջորդ պատճառը անցած տարի բռնկված ժանտախտն էր: Մենք Սևանում առանց այն էլ քիչ պաշարներ ունեինք, այս պատճառներն էլ բերեց պաշարների խզմանը: Այս տարի մենք նախարարությանն առաջարկել ենք արգելել խեցգետնի որսը, որ կարողանա վերականգնվել:

Պարոն Գաբրիելյան, կարող ենք ասել, որ վերջին տարիներին Սևանի աղտոտման պատճառներից մեկն էլ խզված պաշարներն են:

Այո, դա գործոններից մեկն է: Ես բազմիցս նշել եմ, որ ձուկը սնվում է այն անողնաշար կենդանիներով, որոնք իրենց հերթին սնվում են ջրիմուռներով: Ձկնապաշարի խզումը բերում է լճում օրգանական նյութի ավելացման, իսկ ջրում օրգանական նյութի ավելացումը լիճը տանում է  ճահճացման:   Լիճը բուժելու համար միջոցառումների համալիր ծրագիր է պետք. ջրի մակարդակի բարձրացում, ջրահավաք ավազանի աղտոտման վերացում՝ կանալիզացում, այդ ժամանակ մենք կունենանք ավելի առողջ լիճ և ջրի բարձր որակ:

Այս տարի կառավարությանն ինչպիսի՞ առաջարկ եք ներկայացրե,լ և ինչ քայլեր են պետք, որ փրկենք Սևանը:

 Մենք այսօր մի քանի ծրագիր ենք իրականացնում՝ գերմանացիների, ռուս կոլեգաների հետ  ուսումնասիրելով էկոհամակարգը, բայց ուզում եմ առանձնացնել մի ծրագիր, որը հաստատվեց անցած տարի:  Սևանի կապտականաչ ջրիմուռների շատացման և ճահճացման պատճառների վերաբերյալ հիմա ամեն մեկը սիրում է իր կարծիքն արտահայտել ու պնդել՝ մոռանալով, որ կա մասնագիտացված ինստիտուտ, որն համագործակցում է աշխարհի հայտնի ինստիտուտների հետ: Ես կառանձնացնեմ երկու հիմնական  պատճառ՝ ջրի ջերմաստիճանը, ինչը գլոբալ տաքացման ու ջրի ցածր մակարդակի արդյունք է, և երկրորդն էլ աղտոտտումն է, որը ջրահավաք ավազանից ներմուծվում է լիճ: Ես ինքս Ճապոնիայում մասնակցում էի լճաբանական կոնգրեսի և այնտեղ ինձ ներկայացրին դրա դեմ պայքարի ձևերը: Ես ընտրեցի դրանցից մեկը, դա մի նյութ է, որը կլանում է կապտականաչ ջրիմուռները և հետո հեռացվում լճից: Այդ նյութը բերեցի Հայաստան, անալիզ արեցինք,  տեսա, որ մեր երկրում այդ նյութը բավականին շատ է ու էժան, ուղղակի պետք է հասցնել այն մակարդակի, որ կլանի: Դա քարի փոշի է, հիմա մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ այդ փոշին Հայաստանում ստանանք, ոչ թե թանկարժեք գնենք: Նույնիսկ, եթե մենք կարողանանք որակով արտադրել այդ փոշին, կարող ենք վաճառել այլ երկրներին: Այս տարվա վերջ կունենանք նախնական արդյունքները, բայց՝ դա ենթադրում է դեռ երկու տարի փորձաշրջան:

Ցավով կարող ենք փաստել, որ չնայած տարվող աշխատանքներին, այս տարի ևս կունենանք կապտականաչ Սևան:

Նախ, լիճը պետք է բարձրանա, որ մենք ունենանք  ջրի ջերմաստիճանի նվազում, այլապես՝ ծաղկումը կլինի ավելի խոշոր չափերի: Ջրիմուռները մահանալուց հետո իջնում են ջրի հատակ, և ինչքան շատ կուտակվի հատակում, տաք ու աղտոտված ջրի պարագայում ավելի մեծ քանակությամբ հանդես կգան, դրա համար մենք պետք է դեռ երեկ սկսեինք այդ գործընթացը: Մեր ուսումնասիրույունները ցույց են տալիս, որ արդեն սկսել են նկատվել այդ կապտականաչ ջրիմուռները, իսկ թե ինչ մակարդակի, ավելի շատ թե ավելի քիչ՝ ցույց կտան հետագա ուսումնասիրությունները:  

Պարոն Գաբրիելյան, շնորհակալություն հարցազրույցի համար, հուսամ, որ առաջիկայում ավելի հուսադրող նորություններով կզրուցենք Սևանի առողջացման և խզված պաշարների վերականգնման հաջողված ծրագրերի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close